Confindustria Russia պատվիրակությունը Հայաստանում է նոր գործարար կապեր հաստատելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/armenia-i112530-confindustria_russia_պատվիրակությունը_Հայաստանում_է_նոր_գործարար_կապեր_հաստատելու_նպատակով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 15, 2019 14:15 Asia/Tehran
  • Confindustria Russia պատվիրակությունը Հայաստանում է նոր գործարար կապեր հաստատելու նպատակով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իտալական Confindustria Russia կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Էռնեստո Ֆերլենգիի գլխավորությամբ:

Հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան են ժամանել փոխգործակցության ներուժին ու հնարավորություններին ծանոթանալու, նոր գործարար կապեր հաստատելու նպատակով: Confindustria Russia-ն միավորում է իտալական ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում ռուսաստանյան շուկայում, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացնում Ռուսաստանում և Իտալիայում: Էռնեստո Ֆերլենգին նշել է, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված ընկերությունները հետաքրքրված են նաև Հայաստանի հետ համագործակցությամբ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է իտալական ընկերության ներկայացուցիչների այցն ու համագործակցության մտադրությունները՝ նշելով, որ Հայաստանը քաջալերում է Իտալիայի հետ գործարար շփումների և գործնական հարաբերությունների ակտիվացումը:

Նա ընդգծել է, որ Հայաստանում մի շարք, այդ թվում ՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, զբոսաշրջության, նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա է զարգացման մեծ ներուժ, և փոխշահավետ գործակցության առումով դրանք հեռանկարային կարող են լինել: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել կապերի ստեղծմանն ու զարգացմանը:

verelq.am