Ադրբեջանի դիրքորոշումը վտանգավոր է նաև ՀԱՊԿ երկրների համար. Փաշինյանը խոսեց ԼՂ խնդրից
Վարչապետի խոսքով` Ադրբեջանը կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար:
Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: Այս մասին նոյեմբերի 28-ին Ղրղզստանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնեց, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա:
«Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի
Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները:
armeniasputnik.am