Հունվար 13, 2020 08:46 Asia/Tehran
  • Մերձավոր Արևելքի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու. Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ամերիկյան զինուժի տեղակայման խնդրին և ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական պլաններին ու նկրտումներին, որոնց հիմքում զինված ստորաբաժանումների տեղաշարժերն են հիշյալ տարածաշրջանում:

ԱՄՆ-ի շահերն ունեն և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչներ, որոնք փոխլրացնում են իրար: Միացյալ Նահանգները ցանկացած խնդրի մոտենում է գերտերության կարգավիճակով, և Մերձավոր Արևելքն անտեսել ուղղակի չի կարող, որովհետև նշված տարածաշրջանը մոլորակի առանցքային հատվածն է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

«Այստեղ կան մի քանի հարցեր. նախ՝ էներգակիրների խնդիրը, և հետո դրանք տարհանելու հարցը՝ ներառյալ ցամաքային ու ծովային ուղիները, որոնք պետք է լինեն վերահսկելի: Մերձավոր Արևելքի համար գերտերությունները պայքարել են դեռ հին ժամանակներից և գեոքաղաքական մեծ նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի համար անողոք պայքարը երբեք չի դադարելու»,- նշեց փորձագետը:

Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ էներգակիրների պաշարներն ու ուղիները վերահսկելուց բացի` կա նաև Իրանի խնդիրը, որն ինքնաբավ պետություն է և տարածաշրջանի լուրջ խաղացողներից է, որի դերակատարությունն, ի հեճուկս ԱՄՆ-ի, օրըստօրե մեծանում է։ Հետևաբար` պատահական չէ, որ ամերիկյան ռազմաբազաները տեղակայված են Իրանին հարող պետությունների տարածքներում:

Փորձագետը վկայակոչում է պատմությունը, որի համաձայն՝ որևէ գերտերություն իր նվաճած դիրքերը հենց այնպես, հեշտությամբ չի զիջում, ու որքան էլ Իրանի ղեկավարությունը հայտարարի, որ իրենց վերջնական նպատակն ամերիկյան զինուժի ամբողջական դուրսբերումն է մերձավորարևելյան տարածաշրջանից, միևնույն է, նման բան տեսանելի ապագայում դեռ չի լինի:

armeniasputnik.am
 

 

Պիտակ