Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը
https://parstoday.ir/hy/news/armenia-i115758-Զոհրաբ_Մնացականյանը_վաղ_է_համարում_Փաշինյան_Ալիև_հանդիպման_մասին_խոսելը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման մասին խոսելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2020 14:38 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վաղ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման մասին խոսելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում:

«Բանակցային գործընթացը շարունակական է, մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, մենք շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացներում: Նախարարների մակարդակով եղել են բավական թվով հանդիպումներ, վարչապետը պաշտոնական հանդիպում է ունեցել մարտին, ոչ պաշտոնական հանդիպումներ են եղել: Մենք հանդիպման մասին հայտարարում ենք միաժամանակ` համանախագահների միջոցով: Դեռ վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Մենք արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

2019թ. մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել էր երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց էին ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում էր կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր էին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին։

Armenpress.am