Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման բանակցություններից խուսափելու նպատակ չունի. ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i116038-Հայաստանը_ԼՂ_հարցի_կարգավորման_բանակցություններից_խուսափելու_նպատակ_չունի._ԱԳ_նախարար
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2020 16:16 Asia/Tehran
  • Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման բանակցություններից խուսափելու նպատակ չունի. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի՝ Ադրբեջանում սպասվող քաղաքական փոփոխությունների վերաբերյալ հարցին:

«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Այդ առումով, իհարկե, ընտրությունները հանգամանք են, որը մենք նկատի ենք առնում, բայց նաև շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են և մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք»,- ասաց Մնացականյանը:

Բաքվում 2019թ. նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը: Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ. նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին:

Armenpress.am