Նախկին պաշտոնյաների կառուցած դղյակներն ամբողջությամբ ապօրինի են. վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i117288-Նախկին_պաշտոնյաների_կառուցած_դղյակներն_ամբողջությամբ_ապօրինի_են._վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում նախկին բարձրաստիճան պաշտոնայների՝ ապօրինի կառուցած առանձնատներին՝ նշելով, որ հարկ եղած դեպքում պետք է կիրառել «անցումային արդարադատության գործիքակազմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2020 15:20 Asia/Tehran
  • Նախկին պաշտոնյաների կառուցած դղյակներն ամբողջությամբ ապօրինի են. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում նախկին բարձրաստիճան պաշտոնայների՝ ապօրինի կառուցած առանձնատներին՝ նշելով, որ հարկ եղած դեպքում պետք է կիրառել «անցումային արդարադատության գործիքակազմ»:

Փաշինյանն այս խնդրի մասին խոսեց գյուղական բնակավայրերում տների կառուցման վերաբերյալ քննարկման ժամանակ: «Գյուղերում կառուցվում են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, աստիճան, և դրանով ամեն ինչ ավարտվում է»,- ասաց նա ու անդրադարձավ մայրաքաղաքում ապօրինի կառուցված առանձնատներին:

«Երևանի գլխավոր զբոսայգին մեջ-մեջ են արել, ապօրինի կառուցել դղյակներ, հիմա էլ եկել ու ասում են օրինականացրեք: Հակառակ պարագայում դատի կտանք: Ըստ էության, ապօրինի օտարված տարածքնեի վրա կառուցվել են աօրինի շինություններ: Պարզվում է, որ նախկինում օրենսդրությունը կազմվել է այնպես, որ Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հանձնարարեց այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու լուծումներ գտնել: «Խնդրին պետք լուծում տալ: Սա ուղղակի արհամարհանք է հանրության կարծիքի նկատմամբ: Սա շատ կարևոր հարց է, անհրաժեշտության դեպքում այստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել ու գնալ առաջ», - ասաց նա:

Նախարարն իր հերթին նշեց, որ այնպես, ինչպես վարչապետն է ներկայացրել, լուծումներ կան: «Մենք խորությամբ կուսումնասիրենք խնդիրը և կտանք հստակ պատասխան: Այնքանով, որքանով դուք ներկայացրեցիք, առաջին տպավորությունն այն է, որ լուծում կա», - ասաց Ռուստամ Բադասյանը:

Խնդրին անդրադարձավ նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ ապօրինի շինությունների հարցով ձևավորվել է աշխատանքային խումբ:

«Նպատակն է ուսումնասիրել և լուծումներ առաջարկել օրենսդրական դաշտում Ձեր նշած խնդիրներին: Մասնավորապես ապօրինի շինությունների օրինականացման հետ կապված: Առանցքային հարց է արդեն գոյություն ունեցող ապօրինի շենք-շինությունները: Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են», - ասաց Աղաջանյանը՝ խոստանալով մինչև օրվա վերջ զեկուցել վարչապետին տարվող աշխատնքների մասին:

Verelq.am