ՀՀ-ն հավատարիմ է ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մնացականյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i117431-ՀՀ_ն_հավատարիմ_է_ՄԽ_համանախագահության_շրջանակում_ԼՂ_հակամարտության_խաղաղ_կարգավորմանը._Մնացականյան
Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2020 13:49 Asia/Tehran
  • ՀՀ-ն հավատարիմ է ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Մնացականյան

Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այս շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել հանուն այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն բոլոր ժողովուրդների համար: Մեզ համար ամենասուր հարցը եղել և մնում է ԼՂ մեր հայրենակիցների ռեալ անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի խնդիրը»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «Մյունխենյան սկզբունքներ»-ին, Արտաքին գործերի նախարարը նշեց, որ դրանցում արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ Հայաստանի ձևավորած դիրքորոշումն ու մոտեցումները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած սկզբունքներին՝ դրանք անվանելով «Մյունխենյան սկզբունքներ».

 «1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը: ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»:

Armenpress.am