Պետք է մերկացնեն և դատապարտեն ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին
Այսօր լրանում է 2008 թվականի մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների 12-րդ տարելիցը։ 12 տարի առաջ այդ օրը զոհվել է 10 մարդ։
12 տարի անց 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ է գտնվում ՀՀ երկրորդ նախագահը, մեղադրանք է առաջադրված ՀՀ ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։
ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ ինչպես Հոկտեմբերի 27-ը, այնպես էլ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի ձեռքի գործն են՝ արարքի իմաստով։
«Այն փաստերը, որոնք նորահայտ են, պետք է նորովի բացահայտվեն կամ մեկնաբանվեն, շուտով Նաիրի Հունանյանը կգրի իր ցուցմունքներում և կներկայացնի հանգամանքները։ Խոսքը վերաբերում է Հոկտեմբերի 27-ին։ Անկախ այն բանից, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինչ խաղեր են տալիս Մարտի 1-ի գործով իրենց ստամոքսը լցնելու համար, փաստը մնում է փաստ, որ տեղի է ունեցել ահավոր ոճիր։ Դա սպանդ էր իմ հայրենիքի նկատմամբ»,- նշեց Մերուժանը։
Բանաստեղծն ասում է, որ ամեն անգամ, երբ այցելում է գերեզմանոց, իր դեմը հառնում է Մարտի 1-ի զոհերից մի երիտասարդի նկար, ինչի պատճառով նա ցնցվում է։
«Ուզում եմ վերստին գնահատական տալ ամենաանմարդկային այդ արարքին։ Ինչպե՞ս կարելի է իմ ազգի նկատմամբ ոճրագործություն կատարած մարդուն հերոսացնել։ Դա առնվազն խայտառակություն է։ Ես համոզված եմ, որ այդ գործը ոչ թե ռուսական է, այլ քոչարյանական»,- ասաց Մերուժանը։
Մեր դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով ոչ բոլոր մեղավորներն են ներգրավված որպես մեղադրյալ, դատական գործն էլ անընդհատ հետաձգում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, Մերուժանն արձագանքեց․ «Պետք է ոչ միայն նրանք լինեն, այլև հարակից անուններ էլ լինեն, դեռ պետք է նոր քրեական գործեր հարուցվեն։ Ճշմարտությունն ամբողջովին չի կարող բացահայտվել, բայց բավարար չափով պետք է բացահայտվի, որպեսզի երկուսին էլ՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մերկացնեն և դատապարտեն»։
1in.am