Արդյունաբերողների և գործարարների միության հայտարարություն է տարածել գործարարի օրվա առիթով
https://parstoday.ir/hy/news/armenia-i117751-Արդյունաբերողների_և_գործարարների_միության_հայտարարություն_է_տարածել_գործարարի_օրվա_առիթով
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել Գործարարի օրվա առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2020 07:23 Asia/Tehran
  • Արդյունաբերողների և գործարարների միության հայտարարություն է տարածել գործարարի օրվա առիթով

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել Գործարարի օրվա առիթով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հսյաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը.

«Հարգելի հայրենակիցներ, դարեր ի վեր hայ ժողովուրդը հայտնի է եղել իր գործարար  ձիրքով: Այդուհանդերձ 1991թ. անկախություն ձեռք բերած Հայաստանում գործարար խավը չգոյությունից պետք է վեր հառներ, և անցած կարճ ժամանակահատվածում այն ոչ միայն ձևավորվեց ու կայացավ, այլև դարձավ հայոց  պետականության  տնտեսական կայուն  զարգացման ամուր հիմքը, դուրս եկավ միջազգային հարթակ:      

Հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությունը՝  Հայաստանի կառավարությունը 2017 թվականին  մարտի 3-ը՝ Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, հռչակեց «Գործարարի օր»:

Նոր Հայաստանի արդեն իսկ  կայացած գործարար համայքն այսօր էլ ընտրել է այն նշաձողը, որն իր կյանքով ու ազգօգուտ  գործունեությամբ  բարձրացրել էր հայ ժողովրդի  հիշողության մեջ պայծառ հետք թողած և ազգի ինքնության պահպանման  համար  հսկայական ներդրում ունեցած Ալեքսանդր Մանթաշյանցը:

Ներկայում մեզ համար իրական հնարավորություն է ստեղծվել իրականացնելու  տարբեր ժամանակների  հայ արդյունաբերողների, վաճառականների, բանկիրների նվիրական երազանքը՝ նպաստել հայոց պետության տնտեսական ամրությանն ու զարգացմանը, հայ մարդու բարեկեցիկ ու արժանապատիվ  կյանքի ձևավորմանը, հայոց բանակի հզորացմանն ու երկրի կայուն անվտանգության ապահովմանը։

Հենց այս է մարտի 3-ի՝  «Գործարարի օրվա» հիմնական խորհուրդը, որին բոլորս պետք է լծվենք այսօր և որին կարելի է հասնել մրցակցային, ստեղծարար աշխատանքով, հետևողական նորարարությամբ, hայրենիքի ու սփյուռքի կարողությունների միասնականության, միմյանց սատարման շնորհիվ։

Ուրեմն՝ հենց այս ոգով էլ ի գործ, սիրելի հայրենակիցներ, հանուն արժանապատիվ ու խաղաղ կյանքի, հանուն մեր հայրենիքի հետագա հզորացման ու առաջընթացի»։

Armenpress.am