Երկրում համակարգային կոռուպցիա չկա, սակայն որոշ պաշտոնյաներ դեռ կաշառք են վերցնում. Վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118136-Երկրում_համակարգային_կոռուպցիա_չկա_սակայն_որոշ_պաշտոնյաներ_դեռ_կաշառք_են_վերցնում._Վարչապետ
Կառավարությունն այսօր վստահելի ինստիտուտ է ժողովրդի համար, սակայն ոչ բոլոր մակարդակներում և հարթություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 12:37 Asia/Tehran
  • Երկրում համակարգային կոռուպցիա չկա, սակայն որոշ պաշտոնյաներ դեռ կաշառք են վերցնում. Վարչապետ

Կառավարությունն այսօր վստահելի ինստիտուտ է ժողովրդի համար, սակայն ոչ բոլոր մակարդակներում և հարթություններում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 12-ին քարոզարշավի շրջանակում Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության ինստիտուտների վստահելիության մակարդակի մասին:

«Այսօր, այո, ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա: Ի՞նչն է համակարգային կոռուպցիան: Երբ այն կառավարության ամենաներքևի օղակը մեկից հազար դրամ է վերցնում, այդ հազարից 200 դրամը իրենն է, իսկ 700 դրամը տալիս է իր ղեկավարին,իր ղեկավարը 200 դրամը պահում է իրեն, 500-ը տալիս է վերևին, և այդպես շարունակ: Երբ ասում ենք համակարգային կոռուպցիա չկա, սա նկատի ունենք: Այո, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա և կարող եմ երաշխավորել, որ քանի այս քաղաքական իրողությունները գոյություն ունեն, որոնց դուք աջակցում եք, համակարգային կոռուպցիա չի լինելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի` դա չի նշանակում, որ առանձին պաշտոնյաններ կաշառք չեն վերցնում:

«Իհարկե, չեմ ասելու, որովհետև ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառք վերցնելիս: Ինչ պետք է անենք, որպեսզի այս ամենին վերջ դրվի: Հանրաքվեն նաև դրա մասին է, որ այդ կոռուպցիոն համակարգի մնացորդները հույս ունեն. «Լավ, մի երկու ամիս էլ ձգենք, մերոնք գալու են»: Ձերոնք այնպես հեռու են գնացել, և նրանց այնպես հեռու է ուղարկել ժողովուրդը, որ լույսի արագությամբ էլ չեն կարող ետ գալ: Խնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է: Քանի դեռ սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական համակարգի հարցը չի լուծվել, նյարդային մթնոլորտը շարունակվելու է»,- եզրափակեց Փաշինյանը:

 

armenpress.am