Համահայկական կոնսորցիում. Հայաստանը՝ ճգնաժամից հետո
Այն, որ կորոնավիրուսը՝ անկախ իր ծագումից, էական վերափոխումներ է բերում համաշխարհային քաղաքականություն, կասկածից դուրս է: Ինչպիսին կլինեն դրանք՝ այստեղ կարծիքները ամենատարբեր են, թեև առայժմ ոչ որոշակի:
Այդ ֆոնին վարակը Հայաստանում ունի թերևս ոչ միայն առողջապահական դիտարկման կարիք, թեև դրա առաջնայնությունն անվիճելի է: Այստեղ հարկավոր է դիտարկել նաև այն քաղաքական տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունենալու կամ կարող են տեղի ունենալ այն նոր իրավիճակի արդյունքում, որ արդեն իսկ առկա է աշխարհում:
Անկասկած է, որ քանդվում են բազմաթիվ հարաբերություններ՝ այդ բառի, իհարկե, ոչ լավ կամ վատ իմաստով, այլ հենց ենթակառուցվածքային: Դրանք իրենց հետ բերելու են տնտեսական ապամոնտաժումներ, կառավարելի կամ ոչ այնքան: Դա փոխելու է համաշխարհային տնտեսական բալանսը, ինչն էլ իր հերթին է ազդեցություն ունենալու քաղաքական իրողությունների վրա:
Ի՞նչ սպասել Հայաստանին այդ ամենի արդյունքում, երբ աշխարհը դուրս կգա «ազատ անկման» ռեժիմից: Ի վերջո, համաշխարհային ճգնաժամերը յուրօրինակ քննություն են բոլոր ազգերի և ժողովուրդների համար, անգամ նույնիսկ «վերաքննություն»: Երբ մենք խոսում ենք այն մասին կամ հարց տալիս, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է, ապա այստեղ առաջին հերթին ունենում ենք նյութական նկատառում, այսինքն՝ արդյոք պատրա՞ստ է դիմակայել, ունի՞ պարենային պահուստներ, առաջին անհրաժեշտության մատակարարում և այլն: Սրանք շատ կարևոր են, սակայն նույնքան կարևոր է այն, թե արդյոք Հայաստանն ունի՞ միջազգային տնտեսաքաղաքական իրադրության զարգացման ռազմավարական սցենարներ՝ մարտավարական սպասարկման միկրոսցենարներով:
Այն, ինչի մասին խոսվում է՝ ապրանքներ, ռեսուրսներ և այլն, դա կյանքն է ճգնաժամի ընթացքում, ըստ անհրաժեշտության: Մինչդեռ մեզ պետք է հետաքրքրի կյանքը ճգնաժամից հետո, իսկ այստեղ մեզ պետք են սցենարներ, որոնցում բավականին շոշափելի և առարկայական պատկերացումներ կլինեն, թե միջազգային զարգացման ու հետճգնաժամային որ վեկտորի պարագայում ինչ տեղում և դերում ենք պատկերացնում Հայաստանը: Ավելին, դրանք պետք են ոչ իբրև «փազլ», երբ մենք կարող ենք ճիշտ հավաքել պատկերը: Դրանք մեզ պետք են իբրև գործիք և առաջարկ աշխարհի, ուժային կենտրոնների հետ աշխատանքի համար:
Այդ առումով թերևս արժե խորհել համահայկական «կոնսորցիումի» մասին, որը կներառի համաշխարհային կյանքում մեծ կենսափորձի և դերի տեր հայերին, որոնք պատրաստակամ կլինեն որոշակի պարբերականությամբ, տրամաբանական հաջորդականությամբ Հայաստանի կառավարության հետ մեկտեղ քննարկել և դիտարկել միջազգային իրավիճակը և պատրաստել Հայաստանի լայն արձագանքի փաթեթներ: Այդ քննարկումը կարող է կրել անգամ համացանցային բնույթ՝ հաշվի առնելով վարակի պատճառով համաշխարհային տեղաշարժի բարդությունները:
Ի դեպ, դա կարող է տեղի ունենալ հենց այն համազգային կոնսենսուսի շրջանակում, որը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ դրա վեց կետերով:
1in.am