Արամ Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և ուզում է հերքել անհերքելին
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. պահանջում է զրպարտություն հանդիսացող տեղեկատվության հերքում և բարոյական վնասի դրամական փոխհատուցում:
Օրբելյանը, մասնավորապես, զրպարտություն է համարել մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ ինքը «էն ժամանակներում, երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով»։ Փաշինյանը նշել է, որ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:
Արամ Օրբելյանին պատկանող փաստաբանական ընկերությունը գտնում է, որ չստուգված, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ՝ զրպարտչական տեղեկություններ տարածելը արատավորում է ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արամ Օրբելյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, այլև վնասում է «Կոնցեռն Դիալոգ»՝ միջազգային ասպարեզում ճանաչում ունեցող փաստաբանական ընկերության գործարար համբավին։
Նշենք, սակայն, որ «Առաջին լրատվական»-ը և «Ժամանակ» օրաթերթը դեռևս անցած տարի գրել էին, որ սկսած 2019-ի հունիս ամսից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան, սակայն նրա մուտքը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրահանգով, չի ֆիքսվել այցելությունների գրքում:
Արդյունքում, Արամ Օրբելյանի՝ ՍԴ ելումուտի որևէ դեպք ոչ մի տեղ փաստաթղթային ձևակերպում չի ստացել, որպեսզի չերևա, որ Քոչարյանի փաստաբանն այցելել է ՍԴ նախագահին:
Մեր տեղեկություններով՝ մեր այս հրապարակումից հետո քննություն է գնացել, և ՍԴ-ում ծառայություն իրականացրած Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը՝ Արման Հովսեփյանը, օրինակ, բացատրություն է տվել և նշել է, որ իր ծառայողական պարտականությունների մեջ է մտել պահպանել ՀՀ ՍԴ վարչական շենքի և հարակից տարածքների անվտանգությունը, ինչպես նաև անցագրային ռեժիմի բնականոն աշխատանքը։ Նա նշել է, որ Սահմանադրական դատարանի դատավորները և մյուս աշխատողները վարչական շենք են մտնում անձնագրերով , իսկ ՍԴ հրավիրված անձինք կամ ուսանողները մոտք են գործում նախապես վերջիններիս անձնագային տվյալները լրացնելուց հետո, որոնց համար անցագրեր են դուրս գրվում, ինչից հետո նոր թույլատրվում է նրանց մուտքը ՍԴ։
Մեր ձեռքի տակ հայտնված ոստիկանի բացատրության մեջ կարդում ենք, նա նշել է, որ չեն գրանցվում միայն ՍԴ նախագահի այցելուները, սակայն վերջիններիս դիմավորում են ՍԴ նախագահը կամ նրա օգնականները՝ Արտակ Հովհաննիսյանը կամ Մարիաննա Մանուկյանը։ 2019 թվականի մայիսին, կոնկրետ օրը չի հիշել, այդ ոստիկանի հերթափոխի ընթացքում մեկ անգամ տեսել է փաստաբան Արամ Օրբելյանին, որն այցելել է ՍԴ, վարչական շենքում նրան դիմավորել է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի օգնականներից, իր հիշելով՝ Մարիաննա Մանուկյանը, որի ուղեկցությամբ էլ Արամ Օրբելյանը բարձրացել է Հրայր Թովմասյանի աշխատասենյակ, որտեղ գտնվել է մոտ 1 ժամ։
2019-ի հուլիսին ևս երկու անգամ փաստաբան Արամ Օրբելյանը Հրայր Թովմասյանի հետ մուտք է գործել ՍԴ վարչական շենք, յուրաքանչյուր անգամ Արամ Օրբելյանը ՍԴ նախագահի մոտ գտնվել է մոտ 1 ժամ։
2019 թվականի օգոստոսին փաստաբան Արամ Օրբելյանը այցելել է ՍԴ վարչական շենք։ Վերջինիս դիմավորել է Հրայր Թովմասյանի օգնականներից Արտակ Հովհաննիսյանը։ Արամ Օրբելյանը Հրայր Թովմասյանի աշխատասենյակում գտնվել է մոտ 1 ժամ, որից հետո նրանք միասին դուրս են եկել ՍԴ վարչական շենքից։ Ոստիկանը այցելությունների պատճառների մասին որևէ տեղեկություն չի նշել։
Ուշագրավ է, սակայն, որ այս փաստի վերաբերյալ քրգործ չի հարուցվել: ՍԴ-ն հսկած ոստիկանների նկատմամբ տույժ է կիրառվել: Ինչ վերաբերում է հանդիպումների բովանդակությանը, ապա մենք դեռևս անցած տարի գրել էինք, որ Հրայր Թովմասյանն ու իր սանիկը՝ Արամ Օրբելյանը, քննարկել են հարցը՝ ինչպես կարելի է փակել Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը:
Թե այսքանից հետո ինչպես է Արամ Օրբելյանը հերքում կամ զրպարտություն համարում նույն փաստի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, առնվազն տարօրինակ է։
1in.am