Նիկոլ Փաշինյանի սահմանած վճռորոշ գործուղումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i118568-Նիկոլ_Փաշինյանի_սահմանած_վճռորոշ_գործուղումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղել է ԼՂ ( Արցախ) մարտի 24-25-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2020 14:37 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանի սահմանած վճռորոշ գործուղումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղել է ԼՂ ( Արցախ) մարտի 24-25-ին:

Վարչապետի հանձնարարությամբ, եռօրյա ժամկետում ԱԽ քարտուղարը պետք է նրան ներկայացնի գործուղման արդյունքը: Վարչապետ Փաշինյանի այդ որոշումն անշուշտ հատկապես ուշագրավ է կորոնավիրուսի և Արցախի նախագահի ու խորհրդարանի համապետական ընտրության գործընթացի ֆոնին:

Արցախում այդ գործընթացը մոտենում է ավարտին, իսկ Հայաստանում ուժգնանում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռեժիմը: Այդ ֆոնին հնչում են հայտարարություններ, կապված Արցախի ընտրությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկելու հետ: Այդպիսի հայտարարություններ է անում մասնավորապես թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը, որն ասոցացվում է Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ: Արցախի կառավարությունը հայտարարում է, որ դեռևս չկա կորոնավիրուսի վարակի ոչ մի դեպք: Դրան զուգահեռ, արցախյան ընտրական գործընթացում արձանագրվում են տեղային մասշտաբով բավականին աղմկոտ միջադեպեր, որոնք կարող են ստվեր գցել ընտրական գործընթացի օրինականության, ազատության և իրավահավասարության վրա:

Մի բան, որի երաշխավորի կարգավիճակը Հայաստանի հանրապետությունը ստանձնել է նախորդ տարի օգոստոսի 5-ին վարչապետ Փաշինյանի ելույթով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Փաստորեն, միջադեպերը, որոնք ստվեր կարող են գցել ընտրական գործընթացի օրինականության վրա, ստվեր կգցեն նաև պաշտոնական Երևանի վրա: Արդյո՞ք դա է եղել բուն շարժառիթը, որը վարչապետ Փաշինյանին ստիպել է Արցախ գործուղել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ Արցախի հանրապետությունում նախընտրական պայքարի վերջին շաբաթի ընթացքում: Ինչպես հայտնի է, ընտրությունը տեղի է ունենալու մարտի 31-ին:

Միևնույն ժամանակ, անկասկած է նաև, որ Երևանն ու Ստեփանակերտն այս ընթացքում ունեն նաև քննարկելու այլ կաևոր հարցեր, կապված թե նույն կորոնավիրուսի դեմ պայքարի և վարակի Արցախ ներթափանցումը կանխարգելելու հարցում հետագա արդյունավետության հետ, թե նաև համաշխարհային բարդ իրավիճակում առաջնագծի պաշտպանության և Ադրբեջանի որևէ արկածախնդրության կանխարգելման առաջնային խնդրի հետ:

1in.am