ԼՂ-ում (Արցախ) կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i119175-ԼՂ_ում_(Արցախ)_կորոնավիրուսի_ևս_2_դեպք_է_հաստատվել
ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն) ևս երկու անձի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը եղել է դրական. դեպքերի թիվը հասել է 3-ի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2020 14:38 Asia/Tehran
  • ԼՂ-ում  (Արցախ) կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել

ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն) ևս երկու անձի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը եղել է դրական. դեպքերի թիվը հասել է 3-ի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից:

Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն»,-հայտնում են նախարարությունից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում: Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

Նախարարությունը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին:

Armenpress.am