Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i119458-Զոհրաբ_Մնացականյանը_նամակ_է_հղել_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 14:36 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար:

Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը և հասանելիությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»:

«Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար»,- գրված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակում:

Armenpress.am