Էրդողանը, Թրամփը կխոսեն ապրիլի 24-ին, բայց բովանդակությունը չի փոխվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i119731-Էրդողանը_Թրամփը_կխոսեն_ապրիլի_24_ին_բայց_բովանդակությունը_չի_փոխվի
Այս տարի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ բազմահազարանոց ցույցեր տարբեր երկրներում տեղի չեն ունենա, բայց կլինեն միջոցառումներ այլ ձևաչափով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2020 16:04 Asia/Tehran
  • Էրդողանը, Թրամփը կխոսեն ապրիլի 24-ին, բայց բովանդակությունը չի փոխվի

Այս տարի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ բազմահազարանոց ցույցեր տարբեր երկրներում տեղի չեն ունենա, բայց կլինեն միջոցառումներ այլ ձևաչափով։

Ստամբուլում ավանդաբար ապրիլի 24-ին իրականացվող միջոցառումներն այս անգամ առցանց կլինեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ օրվա խորհրդի հետ կապված հայտարարություններ կարվեն, նախատեսված է նաև առցանց ասուլիս: «Հնարավորություն չկա այս անգամ փողոց դուրս գալու, հետևաբար այս կերպ պետք է միջոցառումները կյանքի կոչենք։ Օրինակ՝ «Նոր զարթոնք» պոլսահայ երիտասարդական շարժումը երեկվանից սկսած եռօրյա ասուլիսների շարք է սկսել։ Երեկ Ժիլբեր Մոմջյանը խոսեց, ԱՄՆ-ից Մանուկ Ավետիսյանը խոսեց։ Այսօր պետք է շարունակվեն այս ասուլիսները»,- նշեց Էստուկյանը։

«Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմի» կողմից իրականացվող ամենամյա միջոցառումներն այս տարի նույնպես չեղարկվել են, միայն ասուլիսային ձևաչափով են իրականացնելու այս տարվա միջոցառումները։ Ասուլիսին Միացյալ Նահանգներից մասնակցելու են Թաներ Աքչամը, Ստամբուլից՝ Ռոբեր Քոփթաշը, և ուրիշներ։

Պոլսո հայոց պատրիարքությունը մինչ այս պահը որևէ հայտարարություն իրենց կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ չի տարածել։ Բագրատ Էստուկյանը նկատեց՝ եթե որևէ քայլ անելու լինեին, արդեն հայտարարած կլինեին այդ մասին։

Ստամբուլում իրականացվող՝ Ցեղասպանությունը դատապարտող միջոցառումներին քիչ չի եղել թուրքերի մասնակցությունը, Էստուկյանի խոսքով՝ այս տարի նրանք կմիանան օնլայն հարթակում։ Էստուկյանը նաև նշեց, որ այս տարի էլ ապրիլի 24-ին հավանաբար Էրդողանը ելույթ կունենա, բայց բովանդակությունը չի փոխվի: «Իր արտահայտությունները չեն հակասում Թուրքիայի պաշտոնական տեսությանը, այսինքն՝ նա ցավակցում է Առաջին աշխարհամարտի զոհերին և «ցեղասպանություն» բառը չի հիշում, բայց հայ ժողովրդին կսգակցի իրենց զոհերի համար։ Այս տիպի ելույթ կլինի, չեմ կարծում, թե այլ բան նա ասի»,- հավելեց Էստուկյանը։

Լիբանանահայ երեք քաղաքական կուսակցություններ էլ կոչ են արել մարդկանց ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 20։00-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի համար իրենց պատշգամբներից լուսավորել փողոցները մոմերով։

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը նշեց, որ ինքն ավանդաբար այս օրերին լինում էր Հայաստանում, այցելում Ծիծեռնակաբերդ, մասնակցում այդ օրերին գումարվող տարբեր համահայկական համաժողովների:

Նա նշեց, որ վերջին շրջանում լիբանանյան հնչեղություն էին ապահովել ապրիլյան միջոցառումները մի քանի տարբեր հանգամանքներով, նախ՝ տարածաշրջանի ապաքրիստոնեացման գործընթացում Անկարայի դերը սրել էր հակաթուրք տրամադրությունները քրիստոնյա լիբանանցիների քաղաքական շրջանակներում։ Բացի այդ, պետական ամենաբարձր մակարդակներով համեմատում էին 20-րդ դարի թուրքերի գործած Ցեղասպանությունն ու վերջին շրջանում թուրքերի կողմից միջնորդավորված էթնիկ զտումները՝ ահաբեկիչների ձեռքով։

«Լիբանանը նախապատրաստվում էր նշելու Մեծն Լիբանանի հիմնադրության հարյուրամյակը, և նախագահի ուղերձում կար բաժին իրերը նշելու իրենց անուններով և օսմանցիների կիրառած ջարդարարական քաղաքականությունը Մեծն Լիբանանում նախ ունենալու և ըստ այդմ՝ գնահատական տալու»,- ասաց Շահան Գանդահարյանը։

Նրա խոսքով՝ սկսել էր նկատվել նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև որոշակի լարվածություն՝ հատկապես սիրիական հակամարտությունում տարբեր ազդեցության գոտիների ստեղծման գործընթացներում նրանց միջև երևացող հակասությունները նկատի ունենալով. դա սկսել էր տարածվել Սաուդյան Արաբիայի ազդեցության ներքո գտնվող լիբանանցի սուննիների վրա. «Ուզում եմ ասել, որ թե՛ քրիստոնյա և թե՛ իսլամ շրջանակների մոտ հակաթուրք տրամադրությունները մեծացել էին»։

Գանդահարյանը հիշեցրեց, որ Լիբանանը մինչև Սիրիայի խորհրդարանի վերջին որոշումը արաբական միակ երկիրն էր, որը ճանաչել էր և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

ԱՄՆ-ում ամենամյա միջոցառումները կլինեն դարձյալ համացանցով, հեռուստաժամերով, ասուլիսներով։ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսպիսի ձևաչափով երբեք չեն իրականացրել միջոցառում, և սա յուրօրինակ փորձություն է։ Այս տարի ԱՄՆ նախագահ Թրամփից դարձյալ ակնկալիքներ չկան, որ կարտասանի «ցեղասպանություն» բառը: «Այս անգամ էլ չեմ ակնկալում, որ ապրիլի 24-ին Թրամփը «ցեղասպանություն» բառը կօգտագործի, թեև Կոնգրեսի երկու պալատները անցյալ տարվա վերջին ճանաչեցին Ցեղասպանությունը: Երկրի նախագահի համար սա ոչ թե պատմական ճշմարտության որոշում է, այլ քաղաքական որոշում»,- հավելեց Հարութ Սասունյանը:

1in.am