Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i120694-Նիկոլ_Փաշինյանն_անդրադարձել_է_ԵԱՏՄ_ում_գազի_ընդհանուր_շուկայի_ձևավորման_անհրաժեշտությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2020 11:59 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը․ «Այսօր մեզ պատուհասած համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար հատկապես սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ: Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գներ ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝  ԵԱՏՄ-ն պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Միության կազմում որակապես ավելի խոր տնտեսական ինտեգրման համար:

Armenpress.am