Համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i121058-Համավարակի_ամենամեծ_տարածման_աղբյուրն_այսօր_Երևանն_է._Փաշինյան
Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ պայքարի ամենաարդյունավետ միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2020 15:14 Asia/Tehran
  • Համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է. Փաշինյան

Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ պայքարի ամենաարդյունավետ միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է:

Հայաստանում կորոնավիրուսի համավարակը շարունակում է լարվել: Այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակից մահացածների թիվն ավելացել է 15-ով:

«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ տարածման աղբյուրներ են բոլոր հանրային վայրերը՝ խանութները, սննդի կետերը, վարսավիրանոցները, բանկերը, տրանսպորտը և այլն, իսկ պայքարի ամենաարդյունավետ միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է:

«Ես ուզում եմ կոչ անել, որ դադարեցվեն դիմակի շուրջ բոլոր շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը: Իրավիճակն ավելի քան լուրջ է ու գնալով ավելի է լրջանում»,- ընդգծեց Փաշինյանը՝ դարձյալ հորդորելով պահպանել անվտանգության միջոցները:

Վարչապետը չբացառեց, որ հակառակ դեպքում Հայաստանում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղ չլինի և ավելացրեց, որ այդ իրավիճակից խուսափելու համար կառավարոթյունն ու պարետատունը սահմանել ու այսուհետ ևս սահմանելու են վերահսկողության խիստ միջոցներ՝ կիրառելով վարչական պատասխանատվություն:

Հիշեցնենք` մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 8216 է, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

armeniasputnik.am