ԱԺ նախագահը հանդիպել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i122208-ԱԺ_նախագահը_հանդիպել_է_ՍԴ_նախագահի_պարտականությունները_կատարող_Աշոտ_Խաչատրյանի_հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2020 16:09 Asia/Tehran
  • ԱԺ նախագահը հանդիպել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում:

Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի:

ԱԺ նախագահը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաև Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչև ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ:

Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ:

Armenpress.am