Հինգերորդ օրն անընդմեջ` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ինտենսիվ հակամարտության վերջին զարգացումները
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային բախումները թևակոխել են հինգերորդ օրը: Չնայած որ չորեքշաբթի սահնանային բախումները մասամբ հանդարտվել էին, սակայն հինգերորդ օրը դեռ շարունակվում են:
07:03 - «Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, Տավուշում ադրբեջանական ագրեսիան համարում է սադրանք. «Ադրբեջանը գնալով ուժեղացնում է ճնշումը։Դեռ շատ լուրջ չէ, բայց ապագայի համար շատ վտանգավոր է․․․ ադրբեջանցիները թե՛ իրենց լսարանի համար են հող նախապատրաստում, թե՛ միջազգային հանրության, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել»։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ն պետք է անհապաղ արձագանքի ադրբեջանական ագրեսիային»,-գրում է թերթը։
08:37 -Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հաղթանակ է արձանագրել Հայաստանի դեմ: Ալիևը իր ընդդիմադիրներին հատկապես ժողովրդական ճակատին սպառնացել է ճնշել ու վերջ տալ վերջիններիս գոյությանը:
9:45 -Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ:
09:55 - Այս պահին մարտերը շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշում տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:«ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք»,-գրել է նա։
10:19 - Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
10:20 - Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այդ ագրեսիան թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել:
Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ։ Անշուշտ, իրավիճակը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Չնայած մենք նախահարձակ չենք, սակայն մեր զինուժը շարունակում է մնալ իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում»։
11:13 - Այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողների առոջղական վիճակի մասին:
«Ես նշեմ, որ ընդհանրապես հուլիսի 12-ից սկսած կոնկրետ ընթացող մարտական գործողությունների ընթացքում ունեցել ենք, ընդհանուր, մոտավորապես երկու տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև ոստիկանները, բայց իրենց կեսը շատ թեթև վնասվածքներ է ունեցել և 1-2 ժամ հետո վերադարձել շարք», - նշել է Հովհաննիսյանը:
11:47 -Հաղորդումների համաձայն անցած գիշեր Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիոն հարձակում էին կազմակերպել Հայաստանի դիրքերի ուղղությամբ, ինչն ապարդյուն է անցել: Ադրբեջանցիները կորուստներ տալով ստիպված են եղել հետ նահանջել:
12:05 - Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
12:28 -Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի:«Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:
12:37 - ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածների վերաբերյալ տեսանյութ է տարածել:
«Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,-գրել է խոսնակը:
13:01 - Նախագահ Իլհամ Ալիեւը անհրաժեշտ է համարում վերանայել եւ ավելացնել Ադրբեջանի ռազմական բյուջեն, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը
«Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին իրադարձությունները, մենք պետք է վերանայենք մեր ռազմական ծախսերը»,- ասել է նա: «Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Հետեւաբար, մենք պետք է վերանայենք ռազմական ծախսերը, մասնավորապես, հաջորդ տարվա բյուջեում: Բանակի համար բոլոր ծախսերը պետք է նախատեսվեն ամբողջ ծավալով»,- ասել է Ալիեւը:
13:03 - Հուլիսի 15-ին կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, եւ Էնդրյու Չոֆեր՝ ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել:
Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից եւ տեղերում իրավիճակը փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են ընդգծել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտությունը:
13:28 -Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առեւտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
13:33 - Այս գիշեր ժամը 3.40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
13:41- Հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։ ՀՀ ԶՈւ դիրքապահները, նկատելով հակառակորդի շարժը, անցնել են շրջանաձև պաշտպանության և կանխել փորձը։ Այս մասին հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնը։ Նշվում է, որ թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
14:08- Ադրբեջանում օգտագործման ենթակա ջրային պաշարները 2․7 մլրդ խմ են, այդ երկրի ջրամբարներում ներկայումս 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6 մլրդ խմ-ն օգտագործման ենթակա չէ, հայտարարել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Այս տարի ջրային պաշարների հետ կապված շատ լարված իրավիճակ է։ 20․5 խմ ընդհանուր ծավալով ջրամբարներում այս պահին 11․3 մլրդ խմ ջուր կա, որից 8․6-ը՝ օգտագործման ենթակա չէ»,- հայտարարել է նա։
15:42- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդումը, որում ասված է Տավուշի մարզում հայկական բանակի դիրքերը գրավելու Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ջոկատների ներթափանցման գործողությունը չեզոքացնելու է:
16:07- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին արտաքին գործերի նախարար նշանակելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
16:20- ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կներդնի իր բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած լարվածությունը կարգավորելու համար:
«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և կդրսևորենք ռուսական դիվանագիտության, ազգային դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն (կարգավորենք) ներկայիս սահմանային լարվածությունը, այլ նաև այնպես անենք, որ մեզ համար եղբայրական և մերձավոր երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները բարելավվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մեկ անգամ չէ, որ օգտվել ենք դրանցից, այդ թվում` 2017 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկված ռազմական գործողությունների ժամանակ: Ես համոզված եմ, որ մեր բոլոր հնարավորությունները կներդրվեն»,-ասել է փոխարտգործնախարարը:
16:27- Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
16:42- ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ:
17:14- Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղակայված Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
17:54- Հուլիսի 16-ին հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ, քաղաքացիական Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին հայտնում է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնը։