Հայաստանի հաջորդ հարվածի ուղղությունը. ինչպե՞ս կբաժանվի Բաքուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i123317-Հայաստանի_հաջորդ_հարվածի_ուղղությունը._ինչպե_ս_կբաժանվի_Բաքուն
Տավուշի սահմանագոտու լարված շաբաթից հետո անդորր է, որը չի կարող եւ չպետք է թուլացնի հայկական զինուժի եւ ընդհանրապես պետական զգոնությունը, հաշվի առնելով այն, թե ում հետ գործ ունի Հայաստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2020 10:49 Asia/Tehran
  • Հայաստանի հաջորդ հարվածի ուղղությունը. ինչպե՞ս կբաժանվի Բաքուն

Տավուշի սահմանագոտու լարված շաբաթից հետո անդորր է, որը չի կարող եւ չպետք է թուլացնի հայկական զինուժի եւ ընդհանրապես պետական զգոնությունը, հաշվի առնելով այն, թե ում հետ գործ ունի Հայաստանը:

Անդորրը Բաքվին առաջին հերթին պարտադրեց անշուշտ հայկական բանակը, ցույց տալով, որ ռազմական դիմակայության շարունակությունը Ադրբեջանի համար ոչ միայն անհեռանկար է, այլ հղի է տարածքային նոր կորստով: Մյուս կողմից, Տավուշում տեղի ունեցածի միջազգային արձագանքը, առավել եւս Թուրքիայի աննախադեպ արագ եւ կոշտ արձագանքը վկայեց, որ տեղի է ունեցել շատ լուրջ եւ անսպասելի մի բան, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Անկարայում պաշտպանության նախարարությունների մակարդակով հաղորդակցված ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունները հնարավոր է քննարկել են որոշ դադարի եւ Հայաստանի հանդեպ նոր հարվածի հարցեր:

Ըստ ամենայնի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար անսպասելի է եղել սահմանային սադրանքին Հայաստանի զինուժի հարվածի ուժգնությունն ու մասշտաբը, ինչը հարվածը «պատասխանից» վերածել է «կանխարգելիչի», ապահովելով ռազմավարական առավելություն: Անկարան ըստ ամենայնի ակնկալում էր, որ կլինի հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտավարական բնույթի լարում, իսկ ռազմավարական հարցերը կքննարկի արդեն Մոսկվայի հետ, այն էլ թելադրող դիրքից, քանի որ Կովկասի ապակայունացումը Ռուսաստանի համար ներկայում կլինի խիստ ցավոտ խնդիր:

Հայկական զինուժը սակայն իրավիճակը շրջեց «գլխիվայր», սահմանագոտում լարվածությանը հաղորդելով ռազմավարական նշանակություն եւ լուծելով այդ նշանակության խնդիրը: Թուրքիայի արձագանքը հուշեց հենց դրա անսպասելիությունը, նաեւ կասկածը, որ Ռուսաստանը իրազեկ է եղել, սակայն չի կանխել հայերին: Այդպե՞ս է եղել, թե ոչ, դժվար է ասել: Ի վերջո, չի բացառվում, որ հայկական կողմը ուժային կենտրոններին տեղյակ է պահել սպասվող սադրանքի եւ իր «կանխարգելիչ» ռազմավարական հակահարվածի մտադրության մասին, որպես միջազգային անվտանգության բարեխիղճ գործընկեր եւ ռեգիոնալ անվտանգության համակարգի պատասխանատու:

Առավել եւս, որ հիմնական ուժային կենտրոնները թերեւս շահագրգռված են հայկական այդպիսի հարվածի իրողությամբ, հաշվի առնելով այն խնդիրները, որ լայն մասշտաբով առաջացնում է Անկարայի աշխարհքաղաքականությունը, իսկ ռեգիոնալ մասշտաբով՝ Ադրբեջանի շանտաժի դիվանագիտությունը, համեմված դրա ներադրբեջանական փակուղով ու ճգնաժամով, որն ակնառու դարձավ հայկական հարվածից հետո: Շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, որի համար Անկարան բավական խնդիրներ է ստեղծում Սիրիայում եւ Լիբիայում, ըստ այդմ Ռուսաստանը դեմ չի լինի, եթե Կովկասում խնդիրներ ստանա Անկարան, ինչը թույլ կտա նրա հետ խոսել ավելի համարձակ: Իսկ այստեղ Մոսկվան ու Անկարան ունեն խոսելու շատ բան:

Մասնավորապես, լրանում է հակահայկական Լենին-Աթաթուրք պայմանագրերի 100-րդ տարելիցը, որով Մոսկվան ու Անկարան բաժանել են Կովկասը, իսկ վերջին տարիներին հավատարմություն էին հայտնում այդ պայմանագրին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ դրանց հավատարիմ մնալը նշանակում է դաշնակցել Հայաստանի դեմ: Թուրքիան իհարկե այդ հարցում չունի խնդիր, ինչը հնարավոր չէ ասել Մոսկվայի համար, որքան էլ փորձ է արվում գործի դնել Հայաստանի հանդեպ ազդեցության ցանցը: Բանն այն է, որ այդ պայմանագրերի տրամաբանությունը եւ «ոգին ու տառը» չափազանց բաց են, որեւէ կերպ քողարկելու համար:

Միեւնույն ժամանակ հայկական հարցը որակապես նոր աստիճանի է բարձրանում Արեւմուտքում, հարցին աստիճանաբար մոտենում է նաեւ Չինաստանը: Դա ՌԴ համար էապես բարդացնում է Թուրքիայի հետ պայմանագրին հավատարմության շարունակությունը: Նոր իրավիճակում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են գործակցել արդեն ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը բաժանելու հարցում: Հայաստանի խնդիրն է թույլ չտալ, որ ընտրվի այդ գործընթացի պատերազմական տարբերակը: Այդ խնդիրը լուծելու համար թերեւս կարող է առաջանալ «կանխարգելիչ» նորանոր հակահարվածների անհրաժեշտություն:

Lragir.am