Հայաստանի միջուկային զենքի իրավունքը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում իրենց հրթիռները կհասնեն Մեծամորի ատոմակայան, դարձավ Ադրբեջանի տավուշյան խայտառակության «թագն ու պսակը»:
Ու թեեւ պաշտոնական Բաքվից փորձեցին արդարանալ, թե դա ընդամենը խոսնակի անձնական կարծիքն է, դրանից իհարկե ահաբեկչական «փայլը» ամենեւին չխամրեց: Ավելին, այն սկսեց առավել աչք ծակել, որովհետեւ անձնական այդօրինակ կարծիքից հետո հաջորդ իսկ պահին խոսնակը պետք է լքեր պաշտոնը, ինչը տեղի չի ունեցել, հետեւաբար նրա անձնական կարծիքի հովանավորը պաշտոնական Բաքուն է:
Պաշտոնական Բաքուն իհարկե ընդհուպ մարդասպանի է հովանավորել, հետեւաբար հազիվ թե գտներ ահաբեկչական սպառնալիք հնչեցնող խոսնակին հովանավորելուց կաշկանդելու որեւէ պատճառ:
Բաքվի հայտարարությունն արժանացավ միջազգային քննադատության, թեեւ անկասկած ոչ այն մասշտաբի ու ծավալի, որը կլիներ պաշտոնական հովանու ներքո արած հայտարարության խորքային վտանգավորությանը համարժեք: Հայաստանի դիվանագիտությունն այստեղ ունի աշխատելու շատ տեղ: Սակայն, աշխատանքի հիմնական նպատակակետը Հայաստանի համար պետք է լինի թերեւս ոչ թե Ադրբեջանի ահաբեկչական հայտարարության ավելի հստակ եւ բարձր դատապարտման հասնելը, այլ թեկուզ լուռ, սակայն Հայաստանի միջուկային զենքի իրավունքի առաջմղումը:
Միանգամայն հասկանալի է, թե որքան նուրբ եւ բարդ է թեման, ու շատերի համար ուղղակի աներեւակայելի կարող է հնչել անգամ մտորումը, թե Հայաստանը կարող է դառնալ միջուկային տերություն: Մյուս կողմից սակայն, եղել են դարձողներ, որոնց՝ մինչեւ դառնալը նրանց մասին մտածելն էլ կարող էր հնչել աներեւակայելի: Հասկանալի է, որ ամեն ինչ կախված է աշխատանքից եւ իհարկե միջազգային միջավայրից, մթնոլորտից, հանգամանքներից:
Աշխարհը ներկայումս թեւակոխել է նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ պատմական շրջափուլ, որը ենթադրելու է ուժերի նոր հարաբերակցությամբ, պատասխանատվության գոտիների վերափոխումներով համակարգի հաստատում: Դա հնարավոր է դարձնում գործնականում անհնար թվացողը: Առավել եւս, որ թե Հայաստանի, թե Կովկասի եւ միջազգային անվտանգության համակարգի սպառնալիք դարձած Ադրբեջանը տվել է հիմնավոր առիթը:
Ադրբեջանի ՊՆ խոսնակը եւ նրա հայտարարության հանդեպ պաշտոնական Բաքվի մեծ հաշվով միանգամայն լոյալ վերաբերմունքը հուշում են, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստան-Արցախի էքզիստենցիալ սպառնալիք է, այլ պարզապես մարդկության՝ համամարդկային էքզիստենցիալ սպառնալիք է: Իսկ այդ սպառնալիքի առաջնագծում կանգնած է հայկական պետականությունը: Եվ հաշվի առնելով այն, որ այդ համամարդկային էքզիստենցիալ սպառնալիքի թիկունքին է կանգնած նաեւ այնպիսի մի արմատական ագրեսիվությամբ իշխանություն, ինչպիսին պաշտոնական Անկարան, ակնառու է դառնում առաջնագծում կանգնած Հայաստանի պաշտպանության համակարգի համարժեք համալրվածությունը:
Տվյալ պարագայում, միջուկային զենքն է այն համարժեք զսպող գործոնը, որ կարող է բավարարել համամարդկային սպառնալիքի կանխարգելման խնդրի լուծման առաջնագծի ամրությունը: Ադրբեջանը տվել է հիմնավոր առիթը եւ անգամ պատճառը, որպեսզի նոր աշխարհակարգի ձեւավորման օրակարգում իհարկե լուռ, իհարկե շատ հանդարտ, բայց սկսի սաղմնավորվել Հայաստանի միջուկային զենքի իրավունքի հարցը, որպես կարեւորագույն ռեգիոնում կայունության եւ խաղաղության երաշխիք:
Lragir.am