Ադրբեջանը՝ միջազգային ահաբեկչության ծածկ աշխարհում
https://parstoday.ir/hy/news/armenia-i123428-Ադրբեջանը_միջազգային_ահաբեկչության_ծածկ_աշխարհում
Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Հայաստանից դուրս ապրող հայությանը չտրվել ադրբեջանական հրահրման սադրանքներին, որոնք ակնհայտորեն կառավարվում են Բաքվից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 06:50 Asia/Tehran
  • Ադրբեջանը՝ միջազգային ահաբեկչության ծածկ աշխարհում

Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Հայաստանից դուրս ապրող հայությանը չտրվել ադրբեջանական հրահրման սադրանքներին, որոնք ակնհայտորեն կառավարվում են Բաքվից:

Ադրբեջանը նկատելիորեն կիրառում է այսպես ասած՝ ամբողջ աշխարհում հակամարտությունը «ցրելու» քաղաքականություն, հրահրելով հայերի հետ առճակատումներ, սադրելով, փորձելով ստեղծել բախումներ տարբեր երկրների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտգործնախարարություն կոչ է արել չտրվել սադրանքի, չգնալ բախման և անհրաժեշտության դեպքում դիմել տեղի իրավապահ մարմիններին: Անկասկած է, որ Երևանը չի կարող և չպետք է բավարարվի լոկ այդ կոչով, որքան էլ, իհարկե, այն կարևոր է և ամենևին ֆորմալության մեջ չէ: Ֆորմալության մեջ չէ այն իմաստով, որ Ադրբեջանի, այսպես ասած, նոր մարտավարության նպատակը, իհարկե, «բախումը ցրելն» ու այդպիսով Հայաստանի ռեգիոնալ առավելությունը, որ ստացել կամ էապես ամրապնդել է Երևանը Տավուշի զարգացումներից հետո, հնարավորինս լղոզելն է: Ադրբեջանը փորձում է ակնհայտորեն ստեղծել տպավորություն, որ, այսպես ասած, չկարգավորվածությունը համաշխարհային անհանգստության առարկա է: Այլ կերպ ասած, Բաքուն անցել է միջազգային հանրությանը հենց «տեղում շանտաժելու» մարտավարության: Ասել կուզի, Բաքուն ըստ երևույթին համարում է, որ բախումները տեղափոխելով հենց այդ երկրների տարածքներ, կհասնի նրան, որ նրանք կսկսեն ավելի «լուրջ» վերաբերել հակամարտության չկարգավորվածության վտանգավորության ադրբեջանական «թեզերին» և կպարտադրեն Հայաստանին գնալ զիջումների: Կասկած չկա, որ Բաքվի այդ մարտավարությունն էլ տապալվելու է, ինչպես շանտաժի նախորդ բոլոր տարբերակները: Ամբողջ հարցն այն է, որ դրա տապալումը հայկական կողմի համար լինի անվնաս թե՛ քաղաքականապես ու տնտեսապես, թե՛ ֆիզիկապես

Ըստ այդմ, Երևանն այդ իմաստով պետք է ինտենսիվացնի աշխատանքը բոլոր այն երկրների հետ, որտեղ կան ռիսկեր:

Խոսքն այդ երկրներում ուժային-իրավական արագ և հատու հակազդեցության հասնելու մասն է, ի պատասխան ադրբեջանական հրահրման որևէ փորձի: Դա նշանակում է, որ հայերն իրապես պետք է ձեռնպահ մնան սադրանքների տրվելուց, ցուցադրաբար հրաժարվեն որևէ երկրի որևէ քաղաքի փողոցում ադրբեջանցիների հետ քանակի կամ աղմուկի ուժգնությամբ մրցակցելու ծուղակից, եթե անգամ աներկբա է լինելու հայկական հաղթանակը այդ հարցում, և ձեռնամուխ լինեն ասիմետրիկ աշխատանքի՝ պաշտոնական Երևան-սփյուռքյան կառույցներ ու միավորներ սերտ գործակցությամբ: Աշխատանք, որն ուղղված կլինի տարբեր երկրների ռազմա-քաղաքական ղեկավարություններին ներկայացնելու Ադրբեջանի ահաբեկչական բնույթը, ինչպես նաև այն, որ Բաքվի այդ հրահրումները կարող են լինել նաև մեկ այլ խիստ վտանգավոր քող միջազգային ահաբեկիչների համար: Այսինքն՝ Բաքվի հրահրումների քաղաքականությունը կարող է դառնալ ծածկ միջազգային ահաբեկչության համար, արդեն այլ՝ Ադրբեջանից անկախ հարցեր լուծելու համար, հատկապես թուրքական շահի տրամաբանության համատեքստում:

1in.am