Չինաստանը Հայաստանում «Խելացի քաղաք» կկառուցի. ի՞նչ է ակնկալում դրա փոխարեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i124011-Չինաստանը_Հայաստանում_Խելացի_քաղաք_կկառուցի._ի_նչ_է_ակնկալում_դրա_փոխարեն
Հայաստանի վերակառուցման և զարգացման ԱԴԿԱՌՍ գործակալության նախագահ Սարգիս Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–չինական պայմանագրին, որի համաձայն` Չինաստանի աջակցությամբ ՀՀ–ում կիրականացվի «Խելացի քաղաք» նախագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2020 16:04 Asia/Tehran
  • Չինաստանը Հայաստանում «Խելացի քաղաք» կկառուցի. ի՞նչ է ակնկալում դրա փոխարեն

Հայաստանի վերակառուցման և զարգացման ԱԴԿԱՌՍ գործակալության նախագահ Սարգիս Գևորգյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–չինական պայմանագրին, որի համաձայն` Չինաստանի աջակցությամբ ՀՀ–ում կիրականացվի «Խելացի քաղաք» նախագիծը։

Համատեղ քաղաքում հիմնադրվելու են ընկերություններ, որոնք աշխատելու են նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման ու զարգացման վրա։ Չինաստանը մեր երկրում «Խելացի քաղաքի» կառուցման նպատակով կկատարի հսկայածավալ ներդրումներ։

Սարգիս Գևորգյանի տեղեկացմամբ` Չինաստանի կառավարությունը դեռ 2013թ.–ին ուներ ծրագիր` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», և հիմա զարգացման փուլն ընդգրկում է արդեն Հայաստանը, քանի որ մեր երկիրն իր բարձր ինտելեկտուալ ներուժով բավականին հետաքրքրում է Չինաստանին, որտեղ շատ լավ գիտեն մեր պատմությունը, գնահատում են մեր գիտնականների վաստակը, հետևաբար, շահագրգռվածությունը մեծ է համագործակցել հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։

«Բանակցությունները սկսել էինք վաղուց։ Նախագծի մեծությունն ու մեր հնարավորություններն իսկապես անակնկալ էին, սակայն ամեն ինչ հանգեց նրան, որ վերջապես պայմանագիրը ստորագրվեց»,– նշում է գործակալության նախագահը։

Նրա փոխանցմամբ` քննարկման ենթակա հարց է այն, թե ՀՀ որ տարածքում կկառուցվի «Խելացի քաղաքը», բայց չինական կողմը հորդորել է դրա համար հատկացնել 15-20 ք/կմ տարածք, որը պետք է գտնվի էկոլոգիապես մաքուր միջավայրում։ Ըստ նրա` Հայաստանի տնտեսության մոտ 80 տոկոսը կենտրոնացած է մայրաքաղաքում, սակայն ցանկություն կա զարգացնել նաև մարզերը։ 

«Նախագիծը հնարավորություն կտա շինարարական նորագույն տեխնոլոգիաներն իմպլեմենտացիա անել ու բերել Հայաստան, որպեսզի մեր ընկերությունները նույնպես տիրապետեն այդ տեխնոլոգիաներին։ Հիշու՞մ եք` խորհրդային տարիներին կար «ակադեմիական քաղաք» հասկացությունը, որտեղ հավաքված էին գիտնականներն ու ինժեներները, ահա նման բան կլինի նաև մեզ մոտ, և այդ քաղաքը կկառավարվի արհեստական ինտելեկտի միջոցով»,– նշում է գործակալության նախագահը։

Գևորգյանի դիտարկմամբ` «Խելացի քաղաքի» հիմնական պրոդուկտը լինելու են գիտահեն տնտեսության համար նախատեսված տեխնոլոգիաները, հավելյալ արժեքը նույնպես կլինի շատ մեծ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության բուռն զարգացման համար։ Կստեղծվի համապատասխան միջավայր, որտեղ լիարժեքորեն կաշխատի մեր գիտական ներուժը։

Նախագիծն իրականացվելու է 15 տարում, չինական կողմը ներդնելու է մոտ 15 միլիարդ դոլար`ակնկալելով եկամտի իր բաժինը, այսինքն ֆինանսական ներդումների ու գիտական ներուժի համադրումից կծնվեն նոր տեխնոլոգիաներ ու գիտահեն արտադրություններ` շահույթ բերելով և՛ Հայաստանին, և՛ Չինաստանին։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio