Ում դուդուկն է չալում ՀՀ դեսպան Սմբատյանը հրեից մայրաքաղաք Թել-Ավիվում
Ezerk.am. Դիվանագիտական կորպուսի որակի մասին բազմապատկվող հրապարակումները, կարծում ենք, հիմնականում արտացոլում են առկա ոչ բարվոք վիճակը եւ դրա անադեկվատությունը պատերազմական պայմաններին: Արվեստների կամ բիզնեսի ձիրքը՝ մեկ կողմ, դիվանագիտության, ավաղ, արյունալի դարձած ասպարեզը՝ մեկ կողմ:
Վրաստանն ու Իսրայելը դարձել են ՀՀ-ում եւ Արցախում զինվորականների եւ խաղաղ բնակչության սպանության փաստացի մեղսակիցներ: Իսրայելը՝ նաեւ մահաբեր զենք-զինամթերքի պաշարների գլխավոր մատակարարն է: Մի կողմ դնենք հայակործան պատմական մանրամասները, որ ծայրահեղ բացասական են, մանավանդ Վրաստանի պարագային, մի կողմ դնենք «հավիտյանս հավիտենից միակ ողջակիզված ազգի» թեզը պաշտպանող հրեից պետության դիրքորոշումը 1915-ի եղեռնի վերաբերյալ եւ անդրադառնանք չոր փաստերին:
Ցանցային ուշադիր օգտատերերի աչքից չեն վրիպել սեպտեմբեր 27-ից առաջ եւ մանավանդ հետո Իսրայել-Թուրքիա-Վրաստան օդային երթուղով դեպի Կասպիցի Արեւմուտք թռչող բեռնանավերի շարանները: Մեր ուշադրությունից, ինչպես նաեւ պաշտոնյաների՝ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի, օրինակ, չի վրիպել հայկական զինվորական բեռների արգելափակումը Վրաստանի թե օդային, թե ցամաքային ուղիների վրա:
Բեռնափոխադրության տվյալները մեզ են հասնում հիմնականում մասնավոր անձանց օգնությամբ: Բոլոր հիմքերը կան մտածելու, թե զենքի օդային եւ ցամաքային փոխադրումների մասին հայկական պետությունը բավարար չափով տեղյակ էլ չէ:
Հայանպաստ գործունեությամբ հայտնի հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ստիպված է հարց տալ. ինչով է զբաղված Իսրայելում Հայաստանի դեսպանությունը, ինչու չի անդրադառնում մահաբեր բեռների մատակարարման խնդրին, չէ որ չվերթների թիվը օրեցօր աճում է: Լապշինը հենվում է Կնեսեթի նախկին պատգամավոր Ռոման Բրոնֆմանի տեղեկությունների վրա:
Մատակարարումները իրականացվում են կողմնակի աչքից հեռու գտնվող եւ 2019-ից կոնսերվացված Ուվդա օդակայանից, որ ի սկզբանե ռազմական էր, սակայն սպասարկում էր նաեւ բեռնատար ավիացիայի առեւտրային չվերթները: Այժմ այն գործում է բացառապես Բաքվի շահերի համար:
Տարիներ առաջ հայտնի էր դարձել Իրանի դեմ իսրայելական օդուժի ենթադրելի արշավանքները սպասարկելու նպատակով Բաքվի շրջակայքում եւ երկրի հարավում նախկին սովետական օդակայանների՝ Իսրայելի կողմից վարձակալվելու փաստերը:
Այժմ կարելի ենթադրել, որ Ուվդա օդակայանը դարձել է Բաքու-Իսրայել ոչ միայն հակաիրանական, այլեւ հակահայ գործարքի մաս: Ու այս ամենը Իսրայելում ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպան Արմեն Սմբատյանի եռանդուն ջանքերով Թել-Ավիվում ՀՀ դեսպանատան բացումից հետո:
Դեսպանատան բացումը հապճեպ եւ ծայրահեղ կասկածելի քայլ էր, նկատի ունենալով Բաքվին Իսրայելի բազմամիլիոնանոց մատակարարումները եւ դրանց հետեւանք՝ տասնյակ զոհերը Արցախում: Հիմա արդեն նաեւ ՀՀ տարածքն է իսրայելական արտադրության ԱԹՍ-ների թիրախում:
Ոչ թե կասկածելի, այլ խելացնոր է կարելի համարել երաժիշտ-դեսպանի ջանքերով դեսպանատան բացումը քաղաքական իմաստով: Իսրայելը դրանից հետո ճանաչե՞ց 1915-ը: Թե դադարեցրեց զենքի եւ զինամթերքի մատակարարումները: Ուվդա օդակայանից էլ չվերթներ չկա՞ն: Ոչ, անշուշտ:
Փոխարենը լրջորեն տուժել են Երեւան-Թեհրան հարաբերությունները: Սա արժե՞ր ստանալ դեսպանի՝ Իսրայելում բազմելու եւ մերթընդմերթ զվարճալի ֆլեշ-մոբերի մասին հաղորդումներ արձակելու դիմաց: Ընդ որում, հայ հարկատուների հաշվին:
Շարադրածից միակ եզրահանգումը. Իսրայելում ՀՀ դեսպանը պետք է ետ կանչվի, ինչը նշանակալից ազդակ կլինի Բաքվին զենք-զինամթերքով մատակարարելու անթույլատրելիության մասին:
Իսկ սիմֆոջազ արդեն փոքր-ինչ մոռացված ժանրի մետր մեր սիրելի կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը հնարավորություն կստանա վերջապես վերադառնալու սեւուսպիտակ ստեղների առջեւ: Բոլորս միայն կշահենք:
lragir.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio