Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին
https://parstoday.ir/hy/news/armenia-i126542-Վարչապետն_ընդունել_է_ԵՏՀ_Կոլեգիայի_նախագահ_Միխայիլ_Մյասնիկովիչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2020 13:08 Asia/Tehran
  • Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար,  քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը, նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:

«Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio