Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հոկտեմբերի 10-ից հրադադար հաստատել Ղարաբաղում և դադարեցնել տասներեք օր շարունակված պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնատարածն էր 1994-ի հրադադարից ի վեր:
Պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև ավելի քան տասը ժամ տևած բանակցություններից հետո: Դռնփակ հանդիպման ավարտին տարածվեց արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որով կողմերը համաձայնում են հրադադար հաստատել հոկտեմբերի 10-ից ժամը 12:00 -ից մարդասիրական նկատառումներով ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար Կարմիր Խաչի միջնորդությամբ:
Նշվում է, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն: Միաժամանակ, կոմերը հավաստում են, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ, ինչպես նաև հայտարարում, որ սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնարար սկզբունքների հիման վրա` խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար: