ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորել
https://parstoday.ir/hy/news/armenia-i126965-ՀՀ_ԱԳՆ_հայտարարությունը.Ադրբեջանի_ԶՈւ_ն_ՀՀ_տարածքում_քաղաքացիական_ենթակառուցվածքներ_է_թիրախավորել
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ, նշելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 06:00 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորել

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ, նշելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԳՆ հայտարարությունում մասնացորապես ասված է.

«Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելավոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio