Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i129378-Լավրովը_պայմաններ_է_տեսնում_Հարավային_Կովկասը_կայունության_և_բարգավաճման_տարածաշրջան_դարձնելու_համար
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախադրյալներ է տեսնում Հարավային Կովկասի տարածաշրջանը հակասությունների գոտուց կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2020 12:04 Asia/Tehran
  • Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախադրյալներ է տեսնում Հարավային Կովկասի տարածաշրջանը հակասությունների գոտուց կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովն ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում:

«Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ուզում եմ նշել կարևորությունը այն համատեղ հայտարարության, որը ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին և դադարեցրեց պատերազմը, ապահովեց պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս փախստականներին վերադառնալ իրենց օջախները, ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Մենք կարող ենք Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածել կայունության և բարգավաճման տարածաշրջանի այնտեղ ապրող բոլոր ազգերի համար: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղությամբ ընթանալուն»,- ասաց Լավրովը:

Նա Հայաստանի ԱԳ նախարարին իր ցավակցությունները փոխանցեց նաև Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ:

«Այս մակարդակով իմ առաջին այցի ընտրությունն ամբողջովին համապատասխանում է հայ-ռուսական հարաբերությունների ոգուն, որը հիմնված է խորը կապերի, բազմադարյա բարեկամության և մեր եղբայրական ժողովուրդների ավանդույթների վրա: Ուզում եմ Ռուսաստանին և անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել այս տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից` Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում կրակի դադարեցման ձեր ջանքերի համար»,- նշեց Այվազյանը:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական կոթողների պահպանման կարևորությանը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio