Բաց սահմանների սպառնալիքը․ ուր է երկիրը տանում Փաշինյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129793-Բաց_սահմանների_սպառնալիքը_ուր_է_երկիրը_տանում_Փաշինյանը
Վերջին շրջանում իշխանական, մերձիշխանական շրջանակները պարբերաբար շրջանառում են մի թեզ, թե պետք է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 14:43 Asia/Tehran
  • Բաց սահմանների սպառնալիքը․ ուր է երկիրը տանում Փաշինյանը

Վերջին շրջանում իշխանական, մերձիշխանական շրջանակները պարբերաբար շրջանառում են մի թեզ, թե պետք է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում նույնիսկ հայտարարել էր, թե բացվելու են թուրքական նավահանգիստները, ինչը լայն հնարավորություններ կընձեռի տնտեսվարողներին, գուցե բացվի նաև Ադրբեջանի շուկան Հայաստանի համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար։ Մամուլում նույնիսկ գրվեց, թե Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ փորձելով համագործակցության եզրեր գտնել:

Առաջին հայացքից դա լիովին տեղավորվում է ՀՀ սահմանադրության հոդված 13-ում ամրագրված մոտեցմանը․ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով»: Բայց սա միայն առաջին հայացքից, այստեղ ամրագրված է մեր նպատակն ու բարի կամքը, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի հարցում ունենք միանգամայն այլ մոտեցում, քան աշխարհի մնացած երկրների, որն էլ ամրագրված է ՀՀ ռազմական դոկտրինում, որտեղ թվարկված են ռազմական անվտանգության արտաքին սպառնալիքները․

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությունը, ՀՀ հանդեպ ռազմական գերազանցության հասնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումները, այդ նպատակով ՀՀ և (կամ) ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների նախապատրաստումը,

-Անվերահսկելի սպառազինման և վերազինման գործընթացը, սպառազինությունների մրցավազքը, ՀՀ սահմանների մոտ զորքերի խմբավորումների ստեղծումը, տեղաբաշխումը, դրանց խոշորամասշտաբ կուտակումները և տեղաշարժը, այդ թվում` զորավարժությունների անվան տակ,

-ՀՀ դեմ ուղղված դաշինքների ստեղծումը, ամրապնդումն ու ընդլայնումը, մասնավորապես` Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքը, վերջինիս կողմից ՀՀ-ը շրջափակելու քայլերը, որոնք դիտարկվում են որպես ուժի կիրառում։

Դիվանագիտական ձախողում, պատերազմ և կապիտուլյացիա

Փաստորեն, այս պատերազմում ի կատար ածվեցին թշնամու սպառնալիքները, ու թեպետ գիտեինք, թե մեզ ինչ է սպասվում, այնուամենայնիվ, պատրաստ չէինք պատերազմին։ Մեր դիվանագիտական ձախողումը հանգեցրեց պատերազմի, որքան էլ մեր իշխանավորները պնդեն, թե դիվանագիտական ֆրոնտում ձախողում չենք ունեցել։ Հենց պատերազմի միջոցով հարցի լուծումն է այն վկայությունը, որ մեր դիվանագիտությունը ձախողվել է, ու կարիք չկա բազում հիմնավորումներ բերելու, թե պատերազմն անխուսափելի էր՝ ինչ էլ, որ անեինք, կամ ասեինք։ Սա մեզ հետ կապված մի հին պատմություն հիշեցրեց, որ երբ Եփրատն անցնելիս Ալեքսանդր Մակեդոնացին պաշարեց հայկական մի բերդ, նրա բանակը երեք օր շարունակ գրոհեց, սակայն հայերը մնացին անսասան, բերդը` անառիկ: Չորրորդ օրը մակեդոնացիները զարմացած նկատեցին, որ բերդի աշտարակից հայերը կախել են մի մեծ լավաշ: «Վերացրե՛ք պաշարումը և շարժվենք առաջ,- կարգադրեց Մակեդոնացին, - երևում է՝ հայերը հացապաշտ ժողովուրդ են, իսկ հացը խաղաղության խորհրդանիշն է»: Բանահյուսության ժանրի այս պատմությունը հուշում է, որ եթե անգամ ամրոցի պատից լավաշ կախող հացթուխ տատիկի մակարդակի դիվանագիտություն չունենք այսօր, պատերազմն իսկապես անխուսափելի կլիներ։

Դիվանագիտությունը ձախողեցինք, պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի ակտ ստորագրեցինք ու հիմա էլ ուզում ենք արտաքին քաղաքական հարցո՞ւմ կապիտուլյացիայի գնալ։ Տասնմեկ տարի առաջ փորձ արվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ու գնալ սահմանների բացման, բայց դեռ այն ժամանակ թուրքերը պայման դրեցին, որ պետք է պատմաբանների հանձնաժողով ստեղծվի, որպեսզի պարզվի Հայոց ցեղասպանության փաստը։ Թեպետ դա հայերիս համար կասկած չէր հարուցում, բայց մեր նախկին իշխանությունները գնացին այդ քայլին, միայն թե սահմանները բացվեին։ Բայց Թուրքիան չվավերացրեց ստորագրված փաստաթուղթը, պահանջ դնելով՝ լուծել ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի։ Հիմա, երբ մենք պարտվել ենք պատերազմում, կարո՞ղ է արդյոք Թուրքիան ավելի մեղմ պահանջներ դնել մեր առաջ, քան 2009-ին։ Իհարկե ոչ։ Առնվազն պետք է պահանջի, որպեսզի մենք հրաժարվենք Հայող ցեղասպանության հարցն արծարծելուց, էլ չեմ խոսում, որ ավելի մեծ զիջումների պետք է գնանք Ադրբեջանի հանդեպ, քան ամրագրված է եռակողմ հայտարարությամբ։ Մենք պատրա՞ստ ենք դրան։ Գուցե Փաշինյանը պատրաստ է, բայց ոչ Հայաստան պետությունն ու հայ ժողովուրդը։ Սա այս պահին վարչապետն անում է միայն մեկ նպատակով, որպեսզի իր խայտառակ պարտության մեջ մի դրական բան գտնի, թե՝ տեսեք, սահմանները բացվեցին, հարաբերությունները մեր հարևանների հետ բարելավվեցին, հիմա կարող ենք Հայաստանը զարգացնել։

Տնտեսական և օրենսդրական խոչընդոտներ

Մի կողմ թողնենք, որ բարոյահոգեբանական առումով այս պահին մեր ժողովուրդը պատրաստ չէ խաղաղ գոյակցության մեր թշնամիների հետ՝ այս խայտառակ պարտությունից հետո։ Սահմանները փակել է Թուրքիան, եթե բացի ու տեսնենք, որ մեր տնտեսությունը պատրաստ չէր դրան, ի՞նչ ենք անելու, հիմա էլ մե՞նք ենք փակելու, որպեսզի խուսափենք հավանական վտանգներից։ Եթե Թուրքիային աշխարհը ներել է մեզ հետ սահմանը փակելու համար, սահմանները բացվելուց հետո ոչ ոք մեզ թույլ չի տա փակել սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Բացի այդ, այդ ի՞նչ ունենք արտահանելու Թուրքիա ու Ադրբեջան, որ այդքան հիացած ենք նրանց շուկաներ մտնելու գաղափարով։ Գյուղմթերքով նրանց շուկա մտնելը գրեթե անհնար է, քանի որ այդ երկու երկրները բնակլիմայական ու հողատեսքերի առումով ավելի բարենպաստ վիճակում են, ավելի շուտ իրենք կողողեն մեր շուկան էժան գյուղմթերքով, քան մենք կկարողանանք ընդամենը ոտք դնել նրանց շուկա։ Իսկ երբ սահմանները բացվեն, ապա տեղական արտադրողի շահերը պաշտպանելու համար պրոտեկցիոնիզմի քաղաքականություն իրականացնել չենք կարող, քանի որ այդ ամենը կանոնակարգվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ու երրորդ երկրների հետ առևտրային հարաբերություններով, ինչը մեզ հնարավորություն չի տալիս մանևրելու։

Գուցե խոսքը գնում է թեթև արդյունաբերությա՞ն ապրանքների մասին։ Այստեղ էլ չենք կարող մրցակցել Թուրքիայի հետ, քանի որ մինչ վերջերս մեր շուկան ողողված էր թուրքական լայն սպառման ապրանքներով, իսկ նրանց դուրս մղելուց հետո ո՛չ տեղական արտադրությամբ ենք կարողանալու գին-որակ հարաբերակցությամբ մրցունակ փոխարինող ապրանք արտադրել, ո՛չ էլ այլ երկրներից համարժեքը ներկրելու, մենք ի՞նչ ենք արտահանելու Թուրքիա այդ պարագայում։ Եթե հույսներս բարձր տեխնոլոգիական ոլորտն է, այս պահին դա սահմաններ չի ճանաչում ու արդյունք ենք ստեղծում հիմնականում դրսի համար, ուստի միջնորդավորված կամ ուղիղ այն կարող է թափանցել ցանկացած երկիր նաև հիմա, եթե իհարկե մեծ ծավալի նման արտադրանք կարող ենք աշխարհին առաջարկել։ Այսինքն՝ սահմանները բացելու պարագայում Թուրքիայի շուկա մտնելը այդ ոլորտի հարցում էական բան չի փոխելու, էլ չեմ խոսում, որ մեր երկրի համախառն ներքին արդյունքի մեջ IT ոլորտի ծավալը զգալի չէ, որքան էլ զարկ տանք դրան կամ գերակա համարենք։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր դռները ճարտակ բացելու ենք մեր թշնամիների առաջ ու դրանից միայն վնասներ կրենք։ Իսկ բաց սահմանների պարագայում հարցի քաղաքական ասպեկտն անհամեմատ ավելի վտանգավոր է մեզ համար։ Թուրքերն ու ադրբեջանցիները լցվելու են Հայաստան, իսկ դա դառնալու է ազգային անվտանգության սպառնալիք։ Չմոռանանք, որ անգամ ԵՄ անդամ ամենաազդեցիկ երկրները հիմա խնդիր ունեն թուրքերի հետ կապված, որքան էլ նրանք պրոպագանդեն մուլտիկուլտուրիզմ, թե իբր իսլամիստներն ու քրիստոնյաները կողք-կողքի ապրում ու հավասարապես օգտվում են ԵՄ քաղաքակիրթ ու զարգացած երկրների ընձեռած հնարավորություններից, այսօր արդեն պարզ է, որ մուլտիկուլտուրիզմն ի սպառ ջախջախված է Եվրոպայում ու ոչ միայն կենսունակ չլինելու պատճառով, այլև՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների։ Թուրքիայի ղեկավարն ամեն օր հստակ հայտարարում է, որ աշխարհի որ երկրում էլ թուրքն ապրի, նա պետք է սպասարկի Թուրքիայի շահերը, չպետք է ասիմիլացվի, պետք է պահպանի իր ազգային ինքնությունը ու պայքարի այդ երկրների իշխանությունների կողմից վարվող հակաիսլամական ցանկացած դրսևորման դեմ։ Ինչպես տեսնում ենք անգամ աշխարհի հզորները կաշկանդված են Թուրքիայի դեմ պայքարում, հաշվի առնելով իրենց երկրների ներսում հարյուր հազարավոր, եթե չասենք՝ միլիոնավոր թուրքական «կենդանի ականների» առկայության հանգամանքը։

Սպառնալիք ազգային անվտանգությանը

Եթե կարծում ենք, որ սահմանները կբացվեն, Հայաստանը կզարգանա ու հնարավորություն կունենանք մի քանի տարի հետո հասնել ռևանշի, ինչպես Ադրբեջանը 26 տարի առաջ պարտվեց, բայց կարողացավ չէ՞ հետևողականորեն հզորանալ ու հաղթել, դա մեզ չի հաջողվի՝ մեր ներսում լուրջ դերակատարություն ստանձնած թուրքերի ու ադրբեջանցիների առկայության պարագայում։ Դա արդեն անհնարին է դարձնում հետագայում նրանց դեմ պայքարելը, քանի որ նրանք ոչ միայն սահմանից այնկողմ են լինելու, այլ մեր երկրի ներսում։ Մեզ համար չի կարող հանգստացնող հանգամանք լինել, թե օտարերկրացիներին հող չենք վաճառում, չպետք է մոռանալ, որ ազգությամբ հայերին տրվում է ՀՀ քաղաքացիություն պարզեցված կարգով։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հայ ի հայտ կգա Ադրբեջանում ու Թուրքիայում, որոնք կապացուցեն իրենց հայկական ծագումն ու կստանան ՀՀ քաղաքացիություն։ Իսկ եթե մեր թշնամիներն այդ հարցում անեն նպատակաուղղված քայլեր, ապա շատ կարճ ժամանակում ոչ միայն հողեր ձեռք կբերվեն, այլև շենք-շինություններ, էլ չեմ խոսում, որ կարող են ընտրությունների մասնակցել։ Ու եթե այս պատերազմից հետո մեր երկրի ներսում հազարավոր դավաճան «թուրքերի» ենք հայտնաբերել՝ մեկը մյուսին մեղադրելով, ի՞նչ ենք անելու, երբ հազարներն ու հարյուր հազարները դրսից գան, հնարավոր չէ՞, որ նրանք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հավաքագրված լինեն, ավելի ճիշտ՝ գնված։ Մեր ազգային  անվտանգությունը պատրա՞ստ է դրան։ Դա մեզ ստիպելու է ավելի մեծացնել կախվածությունը Ռուսաստանից, ու խնդրել, որ ոչ միայն մեր արտաքին սահմանները պաշտպանեն, այլև ներքին անվտանգությունն ապահովեն։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի նեոօսմանական նկրտումների դեմը կարող է փակել միայն ՌԴ-ն, որը նույնպես շահագրգռված է, որպեսզի Թուրքիան չմիանա թուրքալեզու պետություններին ու իր ազդեցությունը հասցնի մինչև Չինաստան՝ Ռուսաստանի հարավային սահմանի ողջ երկայնքով։

Այսինքն, բացելով սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ոչ միայն ձեռք չենք բերելու ճկունություն ու աշխարհի հետ ավելի ազատ հարաբերվելու հնարավորություն, դրանով ամրագրելով մեր սուվերենությունը, այլ ուղղակի ընտրություն ենք կատարելու՝ կա՛մ հայտնվելու ենք Թուրքիայի ճիրաններում, կա՛մ մեր կամքով, բայց բարդ իրավիճակից պարտադրված դիմենք Ռուսաստանին ու մտնենք նրա կազմի մեջ, որպեսզի փրկվենք թուրքերից։

Իսկ, որ Փաշինյանը մեզ կհամոզի, որ այս պահին դա միակ լուծումն էր, այլապես կկործանվեինք, ու կստորագրի համաձայնագիր Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելու համար, սա կասկած չի հարուցում այլևս։ Իսկ չի՞ լինի, որ Փաշինյանին տուն ուղարկենք, որպեսզի ամեն անգամ չհայտնվենք մի այնպիսի վիճակում, որից դուրս գալու լուծումը լինի կա՛մ կործանումը, կա՛մ կապիտուլյացիան։ Մեր ռազմավարական դաշնակցի հետ արժանապատիվ ու փոխշահավետ գործընկերություն չենք կարող ապահովել, անպայման պիտի լինենք ՌԴ ծայրագավառ ու մեր իշխանավորներն էլ վասա՞լ։ tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio