Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն Ռուսաստանի սահմանապահներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i129838-Սյունիքի_սահմանի_որոշ_հատվածներում_կտեղակայվեն_Ռուսաստանի_սահմանապահներ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 12:59 Asia/Tehran
  • Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն Ռուսաստանի սահմանապահներ

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից։ 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել սահմանային բանակցություններին մասնակցող բարձրաստիճան սպաներին զորքերի տեղակայման, պահպանության տեղամասերի ստեղծման, ըստ ուղղությունների՝ նոր միավորների ձևավորման գործընթացի վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը և Սյունիքի մարզպետը ներկայացրել են վիճահարույց որոշ հատվածներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ կողմերի միջև սահմանային քննարկումները շարունակվում են:

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

aysor.am