ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i130682-ԱԳ_նախարար_Արա_Այվազյանը_հանդիպել_է_Լեռնային_Ղարաբաղի_նախագահ_Արայիկ_Հարությունյանին
Հունվարի 5-ին Լեռնային Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2021 14:08 Asia/Tehran
  • ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին

Հունվարի 5-ին Լեռնային Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՀՀ ԱԳՆ նախարար Այվազյանը կարևորել է ԼՂ-ի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու և ներկա պայմաններում հետագա համագործակցության շրջանակներն ուրվագծելու համար:

Նախագահ Հարությունյանը և նախարար Այվազյանը համապարփակ քննարկում ծավալեցին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում, գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: 

Հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից էին պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում, պատերազմի հետևանքով տեղահանված արցախահայության` իրենց բնակավայրերը վերադառնալու պայմանների ստեղծման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի հարցերը:

Երկուստեք շեշտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման առաջնահերթությունը, որի հիմքում ընկած պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը:

hetq.am