Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Արարատ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i131920-Եռակողմ_հայտարարությունը_չի_լուծել_Լեռնային_Ղարաբաղի_հիմնախնդիրը._Արարատ_Միրզոյանը_ՌԴ_դեսպանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 12:40 Asia/Tehran
  • Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Արարատ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը եւ բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման եւ թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով:

Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարեւորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք եւ վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաեւ, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, եւ հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաեւ ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio