Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են Լեռնային Ղարաբաղ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ծրագրված է Մինսկի խմբի համանախագահների այցը Արցախ, սակայն հստակ չէ ժամկետը, և այժմ կատարվում է աշխատանք կողմերի հետ:
Մինսկի խմբի համանախագահների այցը Արցախ, անկասկած, ողջունելի հանգամանք է, թեև ամենևին ոչ մոգական: Այսինքն՝ դա ամենևին չի նշանակելու Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերակենդանացում կամ ապասառեցում: Շատ էական է, թե այցն ինչ տրամաբանությամբ և ինչ օրակարգով է տեղի ունենալու: Կարևոր են լինելու անգամ դետալները, թե ինչ երթուղով են համանախագահները այցելելու Լեռնային Ղարաբաղ, այսինքն՝ Հայաստանի՞ց, թե՞ Բաքուն պահանջելու է, որպեսզի նրանք այցելեն ու վերադառնան Ադրբեջանի տարածքով:
Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը Հայաստանի համար ունի էական նշանակություն, քանի որ այդ ձևաչափն է այլընտրանքը ռուս-թուրքական դոմինանտության, որն իրականում թուրքական դոմինանտություն է՝ Ռուսաստանի ձայնակցությամբ: Որքան էլ Մոսկվան ձայնակցում է դժկամ և ստիպված, միևնույն է ձայնակցում է, և դրանից մշտապես, մեղմ ասած, ցավում է Հայաստանի գլուխը: Այդ իմաստով, Մինսկի խմբի համանախագահությունը, մեծ հաշվով, հայկական անվտանգության ձևաչափ է, թեկուզ ոչ ամբողջական, ոչ բացարձակ, սակայն հայկական անվտանգության ձևաչափ: Մյուս կողմից, սակայն, այստեղ թերևս հարկ է շոշափել մի կարևոր հարց: Հայաստանը և Արցախը որքան ներդաշնակ են Մինսկի խմբի համանախագահության աշխուժացմանն առնչվող հարցերում, և հայկական քաղաքականությունն այդ առումով որքանով է անկախ Ռուսաստանից: Ռուսաստանն, իհարկե, հազիվ թե հրաժարվի Մինսկի խմբի համանախագահությունից, քանի որ այդ ձևաչափում լինելը Մոսկվային որոշակի առավելություն է տալիս Թուրքիայի նկատմամբ:
1in.am