Պետք է լծվենք ԼՂ-ի (Արցախ) վերածնունդը ապահովելուն. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i134048-Պետք_է_լծվենք_ԼՂ_ի_(Արցախ)_վերածնունդը_ապահովելուն._Նիկոլ_Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2021 16:10 Asia/Tehran
  • Պետք է լծվենք ԼՂ-ի (Արցախ)  վերածնունդը ապահովելուն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«32 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումը ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը:

Այն մեր պետականության վերականգնման և աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու գործընթացի առաջին քայլը հանդիսացավ:

1988-ի փետրվարին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հազարավոր մարդիկ ոտքի կանգնեցին իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի մասին բարձրաձայնելու համար: Արցախցիների այդ քայլը, որն աննախադեպ խիզախություն էր այդ օրերի համար, իսկույն արձագանք գտավ Հայաստանում` բոցավառելով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակը:

33 տարի առաջ այս օրերին վերածնվեց ոչ միայն Արցախը, այլ նաև ողջ հայ ժողովուրդը: Արցախցիների ըմբոստ ոգու կայծը վառեց մեր սրտերը: Մենք մեր մեջ վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:

Այսօր մենք նաև հիշում և մեր գլուխները խորնարհում ենք մեր հերոսների հիշատակի առջև: Հիշում ենք ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, ապրիլյան և հուլիսյան մարտերում, մարտական հերթապահության ժամանակ զոհված մեր բոլոր նահատակներին: Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր ժողովրդի ապագայի: Նրանց հիշատակն անմահ է: Նրանց գործը սրբազան և փառքի կրակն անմար: Զուր չէր նրանց սխրանքը և հավիտենական է նրանց թողած ժառանգությունը:

32 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնվեց հայ ժողովուրդը: 32 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում:

Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն:

Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթե մենք անմնացորդ նվիրվածությամբ լծվենք աշխատանքի` հանուն հզոր հայրենիքի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագա նվաճումների:

Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առավել եւս անկոտրում է: Նրա ապրելու և արարելու ձգտումը՝ անսասան: Համոզված եմ, որ ինչպես շատ ազգեր, որոնք իրենց պատմության ընթացքում հայտնվել են ծանր մարտահրավերների առջև, հայ ժողովուրդը ևս շուտով կբուժի անցած պատերազմի վերքերը և էլ ավելի վճռական ու ամուր քայլերով կընթանա դեպի ապագա:

32 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացվեց մեր ժողովրդի պատմության մեջ: Մենք այսօր ոգեշնչվում ենք այն իդեալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը և պատրաստ ենք շարժվել առաջ մեր ազգային իղձերի և երազանքների իրականացման ուղիով:

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն հանուն մեր ազատության զոհված հայ ժողովրդի բոլոր զավակները:

verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio