Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137404-Ադրբեջանի_ղեկավարը_միտումնավոր_էթնիկ_և_կրոնական_երանգներ_է_հաղորդում_ադրբեջանա_ղարաբաղյան_հակամարտությանը
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից, մտահոգիչ է համարում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը:  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2021 14:08 Asia/Tehran
  • Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից, մտահոգիչ է համարում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը:  

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական  երկրների հասարակություններում:

«Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ: Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով  տեղափոխում է  պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին: Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ: Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը կմիավորի թյուրքական աշխարհը»:

armenpress.am