Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Բայդենին
(last modified Sat, 24 Apr 2021 16:39:48 GMT )
Ապրիլ 24, 2021 21:09 Asia/Tehran
  • Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը. Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Բայդենին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին` վերջինիս կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը «Հայոց ցեղասպանություն» անվանելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղեցի հետեւյալ նամակը. Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը. «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են։

Մեծարգո պարոն Բայդեն,

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Փաշինյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերն անվանել է Հայոց ցեղասպանություն:

Armenpress.am                                                                      

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio