ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը
https://parstoday.ir/hy/news/armenia-i142476-ՀՀ_ԱԳՆ._Ադրբեջանը_շարունակում_է_թաքցնել_գերիների_իրական_թիվը
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 13:08 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ:

«Շարունակելով խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո, Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները:

16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով։

Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս:

Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

aysor.am