ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i150130-ՀՀ_ԱԺ_նախագահը_բարձր_է_գնահատել_Լյուքսեմբուրգի_անաչառ_դիրքորոշումը_ԼՂ_հակամարտության_հարցում
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2021 12:58 Asia/Tehran
  • ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաև խորհրդարանական դիվանագիտությունը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված և անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին և 2020 թ. դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի  ռազմական գործողությունները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարևորությունն ընդգծող բանաձևերի ընդունման կապակցությամբ:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ անհրաժեշտ է նաև խթանել միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն իր աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին:

Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից` պատմելով նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին:

Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը` ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն` ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ` միաժամանակ հավելելով, որ կարելի է քննարկել խորհրդարանների մակարդակով երկու երկրների մայրաքաղաքներում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը:

24news.am