Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է. Սանոսյանն ամփոփում է 100 օրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i155516-Սյունիքի_այլընտրանքային_ճանապարհն_ամբողջությամբ_պատրաստ_է._Սանոսյանն_ամփոփում_է_100_օրը
Ճանապարհաշինության բնագավառում կատարվածը հիմնականում ընթացիկ աշխատանքներ են եղել, որոնք այժմ էլ շարունակվում են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 10:43 Asia/Tehran
  • Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է. Սանոսյանն ամփոփում է 100 օրը

Ճանապարհաշինության բնագավառում կատարվածը հիմնականում ընթացիկ աշխատանքներ են եղել, որոնք այժմ էլ շարունակվում են։

 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև- Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։

Այս մասին այսօր, պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։

«Սյունիքի մարզում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։ Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում կա, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն»,- ասաց Սանոսյանը։

Նշենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվնո հատվածը սկսել է ասֆալտապատվել, քանի որ տևական ժամանակ է` Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը և մտնում Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև տուրք են պահանջում։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռ 2021 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի Տաթև-Աղվնո գրունտային հատվածը կասֆալտապատվի ու 43 կիլոմետրանոց այդ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի նոյեմբերի վերջին։ Ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։

armeniasputnik.am