Գորիս-Կապան ճանապարհն օգտագործելու տրամաբանություն չկա. Արմեն Գրիգորյան
Հայաստանն ունի այլընտրանքային ճանապարհ, և Գորիս-Կապան ավտոճանապարհն օգտագործելու տրամաբանություն չկա:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրման ու մաքսային հսկողություն իրականացնելու խնդրին և այն հարցին, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ բեռնափոխադրումների հարցում, փոխանցում է News.am-ը:
Եթե հանկարծայդ ճանապարհից օգտվելու անհրաժեշտություն առաջանա, ապա, ըստ Գրիգորյանի, ադրբեջանական կողմը Հայաստանին կիրազեկի, թե ինչ գործընթաց պետք է տեղի ունենա այդ դեպքում:
«Ադրբեջանական կողմը մեզ դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում ճանապարհից օգտվելու համար, բնականաբար նաև՝ անձնագրերի ստուգում: Մենք արդբեջանական կողմի քաղաքականությանը պատասխան քաղաքականություն ենք վարելու և մաքսակետեր տեղակայելու ենք: Կարծիքներ են հնչում, որ միթե ադրբեջանցիներն օգտվելու են այդ ճանապարհից, որ մենք էլ մաքսակետ տեղադրանք. Ինչպես տրամաբանական չէ, որ իրենք կօգտվեն այդ հատվածից, այնպես էլ՝ մենք, քանի որ Տաթև-Աղվանի ճանապարհը կա: Բայց կարող է ադրբեջանցիները, օրինակ, Սանասարից Էյվազլի գնալու համար այդ ճանապարհից օգտվեն, իսկ դրա մի մասը նաև ՀՀ տարածքով է անցնում, և այդ հատվածից օգտվելու դեպքում մենք նույնպես մաքսային հսկողություն կիրականացնենք ու մաքսային վճար կգանձենք Ադրբեջանի քաղաքացիներից»,- ասել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարն ասել է, որ այդ ճանապարհին գտնվող որևէ բնակավայր չի մեկուսացվելու:
«Գրունտային ճանապարհը գրեթե պատրաստ է, բայց մենք նպատակ ունենք ամբողջությամբ այդ ճանապարհներն ասֆալտապատել: Ասել էինք, որ Տաթև-Կապան Մ-12 միացող ճանապարհը մինչև տարեվերջ կկառուցենք, բայց ավելի շուտ եղավ, նույն ինտենսիվությամբ էլ աշխատում ենք, որ այս համայնքների ճանապարհները կառուցենք, ժամանակային որոշակի խնդիր կարող է առաջանալ քաղաքացիների համար, բայց տվյալ իրավիճակում սա լավագույն լուծումն է»,- նշել է Գրիգորյանը:
armedia.am