Հայաստանն ու Վրաստանը նոր երկաթուղի ու նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն
(last modified Mon, 20 Dec 2021 18:02:38 GMT )
Դեկտեմբեր 20, 2021 21:32 Asia/Tehran
  • Հայաստանն ու Վրաստանը նոր երկաթուղի ու նոր էլեկտրահաղորդման գիծ կկառուցեն

Հայաստանի և Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 555 մլն ԱՄՆ դոլար, ինչը 8 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից:

 Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան` Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը։

Քերոբյանը Թբիլիսիում է` հայկական պատվիրակության կազմում մասնակցել է առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Վրացի նախարարը նշել է, որ Հայաստանը գտնվում է Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների ցանկի 7-րդ հորիզոնականում:

«Մեր երկրների միջև բավական դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ են։ Բացի առևտրից, իրականացվում են նաև տրանսպորտային և էներգետիկ նախագծեր», - հայտարարել է Տուրնավան ։

Կողմերն անդրադարձել են Երևանի եւ Թբիլիսիի միջեւ նոր երկաթուղային նախագծին, ինչպես նաև վրացական «Քսանի-500» ենթակայանից մինչև «Հրազդանի ՋԷԿ» 400 կՎ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։

Ըստ վրացական կողմի` երկաթուղու շինարարությունը կսկսվի մոտ ապագայում, իսկ Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը կապող նախագիծը կմեծացնի երկու երկրների տարանցիկ ներուժը:

armeniasputnik.am