Հայաստան–Նախիջևան–Իրան երկաթուղին կարող է վերականգնվել 1 տարվա ընթացքում. Սանոսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i160190-Հայաստան_Նախիջևան_Իրան_երկաթուղին_կարող_է_վերականգնվել_1_տարվա_ընթացքում._Սանոսյան
Երասխ–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարությունը սկսելու հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 16:13 Asia/Tehran
  • Հայաստան–Նախիջևան–Իրան երկաթուղին կարող է վերականգնվել 1 տարվա ընթացքում. Սանոսյան

Երասխ–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարությունը սկսելու հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կան հատվածներ, որտեղ ծավալուն գործընթաց է պետք իրականացնել, անգամ տարիներով։ Որոշ հատվածներում էլ ավելի հեշտ կլինի վերականգնումը և շահագործումը, դրանցից գլխավորը Երասխից դեպի Նախիջևան հատվածն է։ Մեծ ծավալի խնդիրներ կան Մեղրիի ուղղությամբ, որտեղ հին երկաթգիծը հանված է, Հորադիզի հատվածում է նույն խնդիրն է»,– նշեց Սանոսյանը։

Երկաթգծի վերականգնման գործընթացը շարունակական է, նախարարի խոսքով, քննարկումներ են լինում, զուգահեռաբար նաև մասնագիտական որոշակի աշխատանքներ են իրականացվում, ինչպես նաև վերլուծություններ։ Հարցին, թե երբ կսկսեն հիմնական աշխատանքները, Սանոսյանը շեշտեց, որ դա կլինի որոշակի հստակեցումների դեպքում։

Երասխ–Ջուլֆա հատվածով բեռներ տեղափոխելու և երթևեկելու համար, սակայն, Սանոսյանը մոտավոր ժամկետներ նախանշեց. ըստ նրա կպահանջվի 10 ամսից մինչև 1 տարի։

Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, իսկ Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար հանրապետության հետ։

«Երկաթգծի կառուցման համար գումարների հատկացումն ուսումնասիրման առարկա է. դրանք կլինեն պետական բյուջեից, վարկային միջոցներով կամ «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ–ի հետ կոնսեցիոն պայմանագրով, դեռ պարզ չէ։ Քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»,– ասաց Սանոսյանը։

Նշենք, որ ՏԿԵ նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ վերականգնման արժեքը կկազմի շուրջ 226 մլն դոլար։ Մեղրիի տեղամասի համար, նախնական հաշվարկներով, կծախսվի 221 մլն ԱՄՆ դոլար, իսկ Երասխի համար` 5 մլն ԱՄՆ դոլար։ Հաշվարկներն իրականացվել են` հաշվի առնելով նախկին ենթակառուցվածքները (կայարաններ և այլն)։

Երկաթգծի հայաստանյան հատվածի Մեղրիի տեղամասը կկազմի մոտ 45, իսկ Երասխինը` 1 կմ։

armeniasputnik.am