Թուրքագետն ասել է, թե որ պարագայում հայ–թուրքական ավիահաղորդակցությունը կդառնա շահավետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i160690-Թուրքագետն_ասել_է_թե_որ_պարագայում_հայ_թուրքական_ավիահաղորդակցությունը_կդառնա_շահավետ
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այդ համատեքստում թուրքական և հայկական ավիաընկերությունների կողմից Ստամբուլ–Երևան չվերթ իրականացնելու հեռանկարին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 12:21 Asia/Tehran
  •  Թուրքագետն ասել է, թե որ պարագայում հայ–թուրքական ավիահաղորդակցությունը կդառնա շահավետ

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և այդ համատեքստում թուրքական և հայկական ավիաընկերությունների կողմից Ստամբուլ–Երևան չվերթ իրականացնելու հեռանկարին։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը կարծում է, որ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի գործոնը, հասարակության մեջ առկա հակաթուրքական տրամադրությունները և համավարակով պայամանավորված դժվարությունները հայկական և թուրքական ավիաընկերությունները սկզբնական շրջանում կաշխատեն վնասով։

«Նախկինում թուրքական «Atlas Global» ընկերությունն իրականացնում էր նման չվերթեր, սակայն ավիահաղորդակցությունը դադարեց այդ ընկերության սնանկացման պատճառով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թուրքական ընկերությունն իրականացնում էր շաբաթական 3-4 չվերթ, ինքնաթիռներում ուղևորների քանակը կազմում էր 70-80 տոկոս, և թռիչքները ֆինանսապես ձեռնտու էին, սակայն համավարակի ժամանակ այդ ընկերությունը սնանկացավ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց թուրքագետը։

Իսպիրյանի կարծիքով` ավիահաղորդակցությունը կդառնա շահավետ այն դեպքում, եթե դիտարկվի որպես տարանցիկ տարբերակ, այսինքն` Երևանից և Ստամբուլից ուղևորները մեկնեն այլ երկրներ։

«Բացի նրանից, որ արդեն հիշատակված «Atlas Global» ընկերությունը չվերթեր էր իրականացնում 2000-ական թվականներին` ապահովելով տրանզիտ փոխադրումներ, նրա միջոցով նաև Թուրքիայում ապրող և աշխատող բազմաթիվ միգրանտներ Հայաստանն օգտագործում էին որպես վիզայի թարմացման հարթակ, գալիս էին մեր երկիր և հետո կրկին վերադառնում Թուրքիա։

Հատկապես միջինասիական հանրապետությունների քաղաքացիների համար Հայաստանը մատչելի էր այն առումով, որ մուտքի վիզա չէր պահանջվում, և նրանք անարգել վերադառնում էին Թուրքիա։ Կարծում եմ, որ «Pegasus» ընկերությունը նույնպես հաշվի է առնում տվյալ հանգամանքը»,– ասաց թուրքագետը։

Իսպիրյանը վկայակոչեց նաև այն իրողությունը, որ նախկինում էլ թուրքերը շատ քիչ են եկել Հայաստան, հիմնականում ժամանել են գործարարներ կամ տարաբնույթ պատվիրակություններում ընդգրկված անձինք։

Ըստ նրա` եթե հայ–թուրքական հարաբերությունները մտնեն կարգավորման փուլ, և Հայաստանն այդ երկրում ներկայացվի դրական լույսի ներքո, գուցե թուրք ուղևորների թվաքանակը կավելանա։

Նշենք, որ թուրքական «Pegasus» ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական Ավիացիա ` Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։

Մինչ այդ թուքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուքական ու մեկ հայկական ընկերություն։

2021 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

armeniasputnik.am