«Վարչապետը չի ուզում ձեզ հետ հանդիպել». Փաշինյանի օգնականը գերիների հարազատներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i161246-Վարչապետը_չի_ուզում_ձեզ_հետ_հանդիպել_._Փաշինյանի_օգնականը_գերիների_հարազատներին
Շիրակցի գերիների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք հստակ պատասխան են ուզում՝ երբ են իրենց հարազատներին, որդիներին վերադարձնելու հայրենիք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 13:54 Asia/Tehran
  • «Վարչապետը չի ուզում ձեզ հետ հանդիպել». Փաշինյանի օգնականը գերիների հարազատներին

Շիրակցի գերիների հարազատները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք հստակ պատասխան են ուզում՝ երբ են իրենց հարազատներին, որդիներին վերադարձնելու հայրենիք:

«Մենք պահանջում ենք մեր երեխաներին հետ բերեն, մենք այլ պահանջ չունենք»,-  ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների ուղղությամբ և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։ Այսօր Հայաստան են վերադարձել միայն 29-ը:

Ակցիայի մասնակիցները նշում են՝ կառավարությունից իրենց միշտ ասում են բանակցություններ, գործընթացներ կան, բայց  այստեղ գտնվող մարդիկ որևէ արդյունք չեն տեսել, քանի որ իրենց հարազատները դեռ գերության մեջ են:

«Տարի երկու ամիս է կոնկրետ որևէ բան չգիտենք, անհույս, չգիտենք՝ ինչ անել»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը, ում եղբայրն է գերեվարված:

Նա ասաց, որ  Կարմիր խաչի միջոցով ամիսը մեկ զանգ, մեկ նամակ ու մեկ վիդեո կարողանում են ստանալ իրենց հարազատից ու փոխանցել:

Գերեվարված շիրակցիներից մեկի հարազատի խոսքով, վեց ամիս առաջ խոստացել էին՝ երկու ամիս էլ համբերեք, լավ կլինի:

«Տարի երկու ամիս է անցել: Գնանք Ալիևին դիմե՞նք, դա կուզե՞ն: Դա էլ կանենք, հարց չկա, այդ քայլին էլ կդիմենք՝ տեսնելով, որ մեր ղեկավարությունը քնած է»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, Նիկոլ Փաշինյանի օգնականը երեկ հեռախոսով ասել է՝ «վարչապետը չի ուզում ձեզ տեսնել, ձեզ հետ հանդիպել»:

Այսօր ակցիայի մասնակիցներին առաջարկել են երեք հոգու ուղարկել Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ հանդիպման, սակայն չեն համաձայնվել, պահանջում են հանդիպում բոլոր՝  գերության մեջ գտնվող 33 տղաների հարազատների հետ: Նրանք ասում են՝ եթե իրենց այսօր չընդունեն, մնալու են կառավարության դիմաց, չեն վերադառնա տուն:

«Այս կառավարությունից ոչ մի ակնկալիք չունեմ: Տարուց ավելի իմ տղան գտնվում է  Բաքվի բանտում: Մեր կառավարությունը, ղեկավարությունը բոլորն արհամարհած ունեն ծնողների, մեր տղաների վրա, բայց բոլորը մոռանում են, որ այդ տղաների կյանքի գնով են այսօր իրենք ու իրենց ընտանիքներն ապրում: Պարոն վարչապետ, ինչքա՞ն կարելի է արհամարհել հայ ծնողին, հայ մորը: Եթե արհամարհում է հայ ծնողին, դիմում եմ Աննա Հակոբյանին: Եթե բարեհաճեք, մոտեցեք մեզ: Դուք մեր երեխաների կյանքով ձեր կյանքն եք ապահովում»,- ասաց գերեվարվածների մեկի մայրը:

Գերեվարված տղաներից մյուսի հարազատը նշեց. «Ընտրություններին եկան, խնդրեցին, որ ընտրենք: Ընտրեցինք հույսով, իսկ հիմա ոչ հույս ունենք, ոչ մի բան չունենք»:

panorama.am