Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացման լուրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i161472-Պոլսահայերն_ուրախությամբ_են_ընդունել_Երևան_Ստամբուլ_Երևան_չվերթի_վերաբացման_լուրը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել այն հանգամանքը, որ հայկական Flyone Armenia ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 13:20 Asia/Tehran
  • Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացման լուրը

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայերն ուրախությամբ են ընդունել այն հանգամանքը, որ հայկական Flyone Armenia ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել:

«Արմենպրես»-ը զրուցել է պոլսահայ համայնքի՝ առավել հաճախ Հայաստան այցելող ներկայացուցիչների հետ, որոնց համար Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցության բացակայությունը նույնպես դժվարություններ էր ստեղծել։

«Որպես Հայաստան հաճախակի այցելող մեկը՝ ես ողջունում եմ այս զարգացումը։ Մինչ այդ AtlasJet-ն ուղիղ չվերթեր ուներ, սակայն 2019 թվականի նոյեմբերին ընկերության սնանկության պատճառով չեղարկվեցին բոլոր չվերթները՝ այդ թվում դեպի Երևան։ Դրանից հետո ստիպված էի ուղևորություններս կատարել տարանցիկ թռիչքներով։ Ուղիղ չվերթով մոտ 2:30 ժամ տևող ուղևորությունը դարձել էր երկար ու բարդ գործընթաց, որը ժամեր էր տևում հատկապես համավարակի պայմաններում»,- ընդգծեց պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն՝ շեշտելով, որ ակնկալում է, որ ավիաընկերությունը կպահպանի մատչելի գները, իսկ թռիչքները կլինին օրվա առավել հարմար ժամերին։

«Ամեն անգամ Հայաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռ նստելիս մտքումս ասում եմ՝ արդյոք ե՞րբ նորից քեզ մոտ կգամ իմ գեղեցիկ Երևան։ Կարծում եմ, եթե ուղիղ թռիչքներ և մատչելի գներ առաջարկվեն, շատ ավելի շատ մեկնումներ և ժամանումներ կլինեն»,-ասաց Սիբիլը՝ հաջողություններ մաղթելով Flyone Armenia ընկերության անձնակազմին։

Պոլսահայ համայնքի ներկայացուցիչ, մտավորական Ջան Էրզուրումլուօղլուն ևս դրական է գնահատել փոխադարձ ուղիղ չվերթների հաստատումը։ «Ստամբուլահայերը հնարավորություն կունենան ավելի հաճախ այցելել Հայաստան. այս հնարավորությունից կօգտվեն նաև իսլամացած հայերն ու այն թուրքերը, որոնք հետաքրքրված են հայկական մշակույթով։ Դա ձեռնտու կլինի հայաստանյան զբոսաշրջության համար, հատկապես հետհամավարակային շրջանում»,-նշեց նա։

Պոլսահայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Լերնա Բալըքչը Օզդերը ևս հայտնել է, որ ուրախությամբ է ընդունել լուրը։ «Կարծում եմ առանձնակի ուրախալի է, որ այդ ընկերությունը Flyone Armenia-ն է»,-ասաց Օզդերը։