Թուրքիան Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկն է․ Թունյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i162204-Թուրքիան_Հայաստանի_թոփ_5_առևտրային_գործընկերներից_մեկն_է_Թունյան
Մենք այսպես թե այնպես Թուրքիայի հետ 30 տարի առևտուր ենք արել։ Դա տեղի է ունեցել Վրաստանի միջոցով։ Թուրքիան եղել է Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 16:02 Asia/Tehran
  • Թուրքիան Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկն է․ Թունյան

Մենք այսպես թե այնպես Թուրքիայի հետ 30 տարի առևտուր ենք արել։ Դա տեղի է ունեցել Վրաստանի միջոցով։ Թուրքիան եղել է Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկը։

Ճեպազրույցի ժամանակ խոսելով  հայ-թուրքական սահմանի բացման հետ մեկտեղ առաջացող տնտեսական վտանգների մասին՝ արձանագրում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Թունյանի պնդմամբ՝ այսօր ավելի շատ պետք է կենտրոնանալ այն հարցի վրա,  թե Հայաստանը ո՞ր ուղղություններով կարող է մրցունակ լինել։

«Այլ տրամաբանությամբ շարժվելու դեպքում, պետք է առհասարակ բոլորի առաջ փակել դռները»,-ընդգծում է նա։

«Չեմ կարծում, որ Թուրքական էքսպանսիա սպասվում է, իսկ նման դեպքում կան կանխարգելիչ միջոցառումներ։  Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և ունի պաշտպանական մեխանիզմներ»,- ասում է Թունյանը և հավելում, որ եթե հասարակությունը ունի մտավախություններ, ապա թող թուրքական ապրանք չգնի։

Թունյանի խոսքերով՝ կառավարությունը վերջերս հրապարակել է արդյունաբերության գերակա ուղղությունների հայեցակարգը, որտեղ առկա են բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտներն ու ավանդական ճյուղերը։ Նրա պնդմամբ,  սակայն,  կարող են լինել լայն սպառման ապրանքներ, որտեղ Հայաստանը ուղղակի չի կարող մրցունակ լինել ։

«Մենք պետք է խոսենք նաև արտադրողի տեսանկյունից։ Այսօր հումքի և սարքավորումների զգալի մասը ստանում ենք հենց Թուրքիայից։ Ցավոք սրտի,  այլ ճանապարհներն ավելի թանկ են և ավելի ժամանակատար են»,-ասում է Բաբկեն Թունյանը։

Նա միևնույն ժամանակ հավելում է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ լինելով այնուամենայնիվ չի կարող ինքնուրույն մաքսատուրքեր կիրառել կամ քվոտաներ որոշել՝ պաշտպանելով ներքին շուկան։

Թունյանը համոզմունք հայտնեց՝ դրսից ներկրվող ապրանքը արգելելու փոխարեն անհրաժեշտ է տեղական արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

/a1plus.am/