Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ հանուն համընդհանուր բարգավաճման
https://parstoday.ir/hy/news/armenia-i162294-Չինաստանը_պատրաստ_է_համագործակցել_Հայաստանի_հետ_հանուն_համընդհանուր_բարգավաճման
Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին երկկողմ հարաբերությունների իրողությունների եւ հեռանկարների մասին NEWS.am-ը զրուցեց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2022 15:42 Asia/Tehran
  •  Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ հանուն համընդհանուր բարգավաճման

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին երկկողմ հարաբերությունների իրողությունների եւ հեռանկարների մասին NEWS.am-ը զրուցեց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունի հետ։

2022 թվականին Չինաստանը եւ Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Որպես Հայաստանում Չինաստանի դեսպան՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-չինական ներկայիս հարաբերությունները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարից։

Չինաստանն եւ Հայաստանը լավ բարեկամներ ու գործընկերներ են, որոնց հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։ Երկու ժողովուրդների բարեկամական կապերի պատմությունը սկիզբ է առնում դեռեւս Մետաքսի ճանապարհի հնագույն շրջանից: 1992 թվականին Չինաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների հարաբերությունները զարգացել են կայուն եւ առողջ կերպով: Երկու կողմերն ակտիվորեն բանակցություններ են վարում ամենաբարձր մակարդակով, մշտապես ամրապնդվում է քաղաքական փոխադարձ վստահությունը։ Վերջին տարիների ընթացքում պաշտոնական այցով Հայաստան են այցելել Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական հանձնաժողովի փոխնախագահ Շեն Յուեյուեն եւ Պետական խորհրդի անդամ, արտգործնախարար Վան Ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը եւ հանդիպել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի եւ ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանի հետ, ինչը դրական ազդեցություն է թողել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա։ 2021 թվականին Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ խոսնակը եւ պետական այլ ղեկավար անձինք, բազմաթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ։

news.am/arm/news