Շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել. Ալեն Սիմոնյանը` Վահագն Խաչատուրյանի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i163268-Շատ_ճիշտ_թեկնածու_ենք_ընտրել._Ալեն_Սիմոնյանը_Վահագն_Խաչատուրյանի_մասին
«Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ նախագահի 5-6 թեկնածու է ունեցել, որոնց թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2022 14:37 Asia/Tehran
  • Շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել. Ալեն Սիմոնյանը` Վահագն Խաչատուրյանի մասին

«Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀ նախագահի 5-6 թեկնածու է ունեցել, որոնց թվում են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ալեն Սիմոնյանը, որն այսօր ստանձնել է ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։

«Շատ երկար քննարկումներ ենք ունեցել թեկնածուների առնչությամբ և արդյունքում որոշեցինք Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել։ Ես անձամբ գտնում եմ, որ շատ ճիշտ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ համապատասխանում է այդ պաշտոնին և շատ լավ կիրականացնի իր պարտականությունները»,–ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Խաչատուրյանի թեկնածությունը մի քանի հոգու կողմից է առաջադրվել, բայց կոնկրետ ովքեր են եղել առաջադրողները, չի հիշում։ Ալեն Սիմոնյանի թեկնածությունն էլ է առաջադրվել, բայց նա ինքնաբացարկ է հայտնել։

Սիմոնյանը վստահեցրեց, որ ճիշտ չեն այն լուրերը, թե Խաչատուրյանի թեկնածությունը ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է առաջարկել։

«Ինքն ընդհանրապես որևէ կապ չի ունեցել։ Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցել և չի էլ կարող մասնակցել, որովհետև նա վարչության անդամ չէ»,– ասաց նա։

Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Հունվարի 26-ին armlur.am-ը գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։

Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:

armeniasputnik.am