Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել ԼՂ-ում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i168638-Շալվա_Պապուաշվիլին_աջակցություն_է_հայտնել_ԼՂ_ում_խաղաղության_հաստատմանն_ուղղված_ջանքերին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2022 14:49 Asia/Tehran
  • Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել ԼՂ-ում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից:

Շալվա Պապուաշվիլին աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խնդիրներն երկխոսության միջոցով կարգավորելուն, և պատրաստ են իրենց դերն ու ներդրումն ունենալ այդ գործում:

Վրաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն ուղղված է դարավոր բարեկամություն ունեցող երկու երկրների ներկա հարաբերությունների խորացմանը և համագործակցության հեռանկարների քննարկմանը:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման հանդիպումներն առանձնակի դինամիկա են հաղորդում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանն ու հետագա խորացմանը և պետք է հնարավորինս հաճախ լինեն։ Նախագահն ընդգծել է, որ այս այցն առանձնակի նշանակություն ունի, քանի որ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

Արդեն հայտնել էինք, որ երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլին Երևանում կհանդիպի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի նաև Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ:

armeniasputnik.am